Название: Անցյալից
Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Жанр: История
isbn: 9781772467406
isbn:
Հրապարակում մնում էր Դաշնակցությունն իբրեւ մի հատիկ միաձույլ կուսակցություն, որ ներքին կազմակերպչական ճգնաժամ չէր ապրում։ Թեեւ այդպես, բայց Դաշնակցությունն էլ Բանկ-Օտոմանի ցույցով մտնում էր իր թուլության, անկման շրջանը։ Ահռելի արյունահեղությունները սաստիկ ռեակցիա էին առաջացրել հասարակական տրամադրության մեջ։ Ավելի եւս սաստկացած էր ռեակցիան Եվրոպայում եւ, մասնավորապես, Ռուսաստանում։ Այս խավար հոսանքների մեջ Աբդուլ-Համիդը դրդվում էր [դեպի] կատարյալ եւ անսահման կարողություն` խեղդելու իր պետության ամբողջ ազգաբնակչությանը, բայց մասնավորապես հայերին, որոնք զրկվում էին մարդկային ամենատարրական իրավունքներից անգամ, օրինակ` տեղափոխության ազատությունից։ Ճնշումներն ու կեղեքումները հասնում էին աներեւակայելի աստիճանների, իսկ սեպացած ժայռերին դեմ տրված հեղափոխությունը չգիտեր էլ ինչ աներ։
Ճիշտ է, դեռ մնում էր հին արհեստը` ֆիդայական (հայդուկային) կռիվը, բայց դա էլ առանձին մեծ ազդեցություն չէր գործում, թեեւ երկիրն իր միջից հանում էր իսկապես քաջ, հռչակված ֆիդայիների (Սերոբ Աղբյուր, Գեւորգ Չաուշ եւ ուրիշներ)։ 1897-ին Դաշնակցությունը հաջողեցրեց մի բավական աչքի ընկնող հայդուկային արշավանք. գիշերով հարձակում գործեց քրդական մի ցեղի վրա, որի գլխավորն էր Շարուֆ-բեյը, որն ապրում էր վրաններում՝ Խանասոր անվանված տեղում, թուրք-պարսկական սահմանագլխի վրա։ Այս գործը շատ ուռցրին ու չափազանցրին դաշնակցականները` համարելով այն իրենց մեծագույն հաղթանակը։ Այդ քուրդ ցեղը Շարուֆ-բեյի հետ հայտարարվեց բնաջնջված եւ, այսպիսով, նրա զոհը դարձած հայ ժողովրդի վրեժը հանված։ Սակայն այդ մի փոքրիկ հաջողություն էր միայն։ Խանասորում հանկարծակի եկած քրդերը կորուստներ ունեցան, կորցրին շատ անասուններ։ Բայց մնաց Շարուֆ-բեյը, որն անցավ Մուշի կողմերը եւ սկսեց այնտեղի հայերին տանջել, խորովել։
Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը։ Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել եւ նորից կենդանացնել Հայոց հարցը։ Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնեւ` կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար։ Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար։ 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ եւ այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց։
Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից։ Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար` նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային։ Թող գան նրանք` Աբգար Հովհաննիսյանը115 եւ ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ։ Նա ինքը` Զավարյանը, որոշել էր դիմել Աբգար Հովհաննիսյանին, իսկ ինձ առաջարկում էր` արդյո՞ք չեմ կարող գնալ Թիֆլիսում այն ժամանակները շատ հայտնի բժշկապետ Գասպարյանցի մոտ, որ թեեւ հայտնի էր իր կոպիտ եւ անհրապույր բնավորությամբ, բայց ինձ անշուշտ կընդուներ, СКАЧАТЬ
115
Աբգար Հովհաննիսյան (1849-1904) – «Փորձ» եւ «Արձագանք» հանդեսների հիմնադիր եւ խմբագիր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության նախագահ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայության դոկտոր, ավարտել է Լայպցիգի համալսարանը, 1879-1904թթ. եղել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ։