Название: Անցյալից
Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Жанр: История
isbn: 9781772467406
isbn:
Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ եւ լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի110 կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր եւ իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեեւ «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները եւ ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»111 թերթի սրբագրիչն էր եւ շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի եւ այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…
– Կոտորել տալ 100, 200 եւ ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր, – բացականչում էր Մալումյանը տաքացած, – այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…
Միեւնույն հայացքին էին եւ խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը112 եւ մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։
Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու եւ խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին եւ մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։
Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով։ Անգլիայի վարչապետը, այսպիսով, իր հակասուլթանական հոխորտանքների մեջ ամուր ու հաստատ կերպով հենվում էր երկրի` կազմակերպված ու միացած հասարակական կարծիքի վրա։ Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր եւ ուտում» կռիլովյան կատվի նման։ Նրա մոտ, Բոսֆորի ափերին, կային հզորներ, որոնք փսփսում էին նրա ականջին «Massacrez, Majeste, Massacrez»։ Եվ կոտորածները շարունակվում էին։ Սուլթանն СКАЧАТЬ
109
Բաժանմունքի վարիչ ցարական ժամանակների հիմնարկներում։
110
Ակնունի (Խաչատուր Մալումյան) (1860-1915) – Հրապարակախոս, թարգմանիչ, ծնունդով մեղրեցի։ Սպանվել է Հարություն Ճանկյուլյանի, Ռուբեն Զարդարյանի, Խաժակի եւ այլոց հետ։
111
Ռուսերեն՝ «Նոր հայեցում (տեսություն, հանդես)»։
112
Ալեքսանդր Քալանթար (1855-1913) – Հարավային Կովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրը, նաեւ՝ գրող, թարգմանիչ, գրականագետ, թատերագետ, Կադետական կուսակցության անդամ, 1893-ից մինչեւ կյանքի վերջը խմբագրել է «Մշակը», գլխավորել է Հայ հրատարակչական ընկերությունը, նշանավոր թատերական գործիչ Լեւոն Քալանթարի հայրը եւ պրոֆեսոր, աշխատանքային հերոս Ավետիս Քալանթարի եղբայրը։