Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Բարև, Ստեփան, – անսպասելի հայտնվելով նրա կողքին, ասաց Ելենան խաղուն ժպիտով։-Տո՞ւն ես գնում։
– Աշխատանքից հետո սովորաբար տուն եմ գնում, – նրա տոնով արձագանքեց Ստեփանը նույնպես ժպտալով։-Թե դու ուրի՞շ պլաններ ունես։
– Ոչ մի պլան չունեմ։ Ես անձկությամբ սպասում եմ, որ գոնե մի անգամ հրավիրես որևէ ներկայացման։ Այ, օրինակ, փոքր թատրոնը հյուրախաղերի է եկել, հաճույքով կուզենայի մի քանի ներկայացում նայել։
– Ես դա խոստանում եմ քեզ, Ելենա, միայն թե ոչ այս շաբաթ։ Լա՞վ։
– Պարզ է, այսինքն փորձարկումից հետո։ Դժվար է դիմանալը, բայց ոչինչ… Եվան ինչո՞ւ էր եկել ինստիտուտ, – հարցրեց Ելենան բազմանշանակ հայացքով։
– Կարծել է թե Անտոնյանն այստեղ է, բայց նա… նա էլ տեղում չի…
– Շատ տարօրինակ է, – Ելենան շեղակի նայեց Ստեփանին։– Կինը չգիտի, որ ամուսինը դեռևս երեկ է թռել Մոսկվա։
– Դե երևի, չի իմացել, այլապես չէր գա…
Ելենան ժպտաց փակ շուրթերով, ասաց.
– Սուտ ասելն ինչ է, որ չես սովորում… Իմիջիայլոց, վերջերս ես նրան՝ Եվային, ահագին բաներ ասացի, ընդորում, կարծեմ, իր համար ոչ այնքան հաճելի։
– Ինչո՞ւ։
– Համաձայն համաշխարհային ստանդարտի՝ տանը մնացած բոլոր աղջիկները պետք է, որ շատ դաժան լինեն։ Իսկ ես արդեն քսանյոթ տարեկան եմ, – ասաց Ելենանն խոնջանքով։
– Պետք չէ, Ելենա։
– Ի՞նչը պետք չէ, Ստեփան, ի՞նչը պետք չէ, սիրելիս, հոգյակս, թանկագինս, հատկապես ի՞նչը պետք չէ։
– Պարզապես ես ինձ հիմար վիճակում եմ զգում, երբ ուրիշի խոսակցության նյութ եմ դառնում։
– Ուրիշի՞, – վշտացած ասաց Ելենան, կողքանց նայելով Ստեփանին։
– Կարող է, ես ճիշտ չարտահայտվեցի, սակայն բոլոր դեպքերում, չեմ կարծում, թե դա որևէ մեկին հաճույք պատճառեր։
– Գուցե նույնիսկ արգելե՞ս ինձ ՝ մտածել քո մասին։– Ելենան խնդումերես նայեց Ստեփանին՝ սպասելով նրա պատասխանին, և չստանալով այդ պատասխանը, շարունակեց։– Այդ իրավունքն ինձնից ոչ ոք խլել չի կարող։ Լսո՞ւմ ես, ոչ ոք։
Քիչ այն կողմ, նեղլիկ փողոցի անկյունադարձում, միանգամից երևաց տրոլեյբուսը և արագընթաց կերպով սկսեց մոտենալ կանգառին։
*******
Շենքը գերատեսչական էր, նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտն էր կառուցել իր աշխատակիցների համար, և բոլոր բնակիչները համարյա գիտեին միմյանց։ Մինչև նոր ամուսնություն՝ Եվան նույնպես այստեղ էր ապրում, և Ռաֆայելը հաճախակի էր տեսնում նրան ու Ստեփանին: Նախանձել կարելի էր նրանց համերաշխությանը… Զարմանալի բան է կյանքը, մտածում էր հիմա Ռաֆայելը, այն երբեմն այնպիսի չար կատակներ է անում, որ հարյուր տարի մարդու մտքով չի անցնի։ Եվ դա մենք կոչում ենք ճակատագիր ու ասում ենք նաև, որ մարդուց է կախված իր ճակատագիրը։ Ոչ, միշտ չէ, որ դա այդպես է, չէ՞ որ կա նաև ճակատագրի քմահաճույք։
Մտքերով տարված՝ Ռաֆայելը բարձրացավ չորրորդ հարկ, կամացուկ բաց արեց դուռը և կանգ առավ՝ լսելով կնոջ ձայնը։
Միջանցքի մեծադիր հայելին անդրադարձնում էր հյուրասենյակը, ուր կինը՝ Ամալյան՝ հրպուրիչ ու միշտ ցանկալի, ձեռքի շորով վերցնում էր կահույքի փոշին ու միաժամանակ ինչ-որ բան էր արտասանում։ СКАЧАТЬ