ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 43

СКАЧАТЬ գոյացած ջրափոսերն ու այդ ջրափոսերի վրա մաղող մանրիկ անձրևը։

      Ինչպես ծովը, այնպես էլ ամբողջ Բաքուն՝ Բայիլովի բարձունքներից սկսած մինչև Սև քաղաք ու Սև քաղաքից էլ այն կողմ, ընկղմված էին անթափանց մշուշի մեջ, և, մշուշի միջից, ոնց մենավոր փարոս՝ անեզր օվկիանոսում, հեռուստատեսային աշտարակի վրա փայլկտում էին հակաօդավթարաբարձ կարմիր լույսերը։

      – Ես գիտեմ, որ դաժան ու անմարդկային է դա, – երկարատև լռությունից հետո շարունակելով մութ սենյակում առաջ ու ետ քայլել, խոսեց Ելենան։– Բայց ես անկարող եմ զսպելու իմ ուրախությունը։ Ես երջանիկ եմ, որ այդ բանը նրան է պատահել։ Տեր աստված, այս ինչի մասին եմ խոսում։ Ես պարզապես խելքս թռցրել եմ երևի… Այո, այո, նրա հետ է պատահել… և ոչ Ստեփանի։

      Խոհանոցից անաղմուկ հայտնվելով հյուրասենյակի դռան մոտ՝ Ամալյան զարմանքով նայեց Ելենային։

      – Լենա, դու այդ ո՞ւմ հետ ես խոսում, – հարցրեց նա։

      – Ոչ ոքի։ Հեռուստացույցն է։

      – Բայց ես լսեցի քո ձայնը, – ասաց Ամալյան, միացնելով լույսը։

      – Նշանակում է ես ու ես էի խոսում, – արձագանքեց Ելենան։ Նա նստեց բազկաթոռում, լուսամուտի առջև, և, գրադարակից մի գիրք վերցնելով, սկսեց աննպատակ թերթել։– Ո՞վ էր քիչ առաջ զանգում։

      – Ռաֆայելն էր, հիվանդանոցից էր զանգում։ Ասաց, որ տան մոտ են արդեն, հիմա կգան։ Անտոնյանի դիակն արդեն բերել են հիվանդանոց։– Նա որոշ ժամանակ լուռ էր, հետո թառանչ քաշեց, շշնջաց.– Սոսկալի է, մի երկու ժամ առաջ խոսում էինք Անտոնյանի մասին՝ որպես կենդանի մարդու, իսկ հիմա նա չկա այլևս։ Գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին։

      – Ապագա բժշկուհուն վայել չի սենտիմենտալությունը։– Ելենան մի պահ լարված ուշադրությամբ նայեց փողոցին, հետո ասաց.– Գալիս են… երեքով են… Չէ, սպասիր, ոնց որ Եվան էլ նրանց հետ է։

      – Ես գնամ թեյ դնեմ, – ասաց Ամալյան կիսաձայն։ -Երևի լրիվ թրջվել են։

      Ամալյան շտապեց խոհանոց, իսկ Ելենան մոտեցավ դռանը, բաց արեց այն՝ չսպասելով դռան զանգին, և մի կողմ կանգնած սպասեց։ Սսկված, ցրտից կուչ եկած՝ Եվան, Լեոնիդը, Ռաֆայելը և Ստեփանը մտան տուն։ Լեոնիդը լուռ սեղմեց Ելենայի ձեռքը, կամացուկ ասաց.

      – Լենա, դու բոլորովին չես փոխվել։

      – Օրերս վատ չեն անցնում, երևի, դրանից է, – բազմիմաստ արձագանքեց Ելենան և անթարթափ նայելով Ստեփանին, որը գալիս էր ամենավերջում, ասաց, – բարի երեկո, Ստեփան։

      – Ելենա, երեկոն այնքան էլ բարի չէ, – խուլ արձագանքեց Ստեփանը։

      – Տվեք վերարկուները, – ասաց Ելենան, դիմելով բոլորին։

      – Ամալյա, թեյի հոգս արա, – կարգադրեց Ռաֆայելը։– Ուղղակի սառել ենք։

      – Հիմա, Ռաֆայել, արդեն պատրաստ է, – խոհանոցից արձագանքեց Ամալյան-Մտեք սենյակ, բերում եմ։

      Տղամարդիկ մտան հյուրասենյակ։

      – Դու լրիվ թրջվել ես, – ասաց Ելենան, ձեռքով կպչելով Եվայի շորին։– Ամալյա, – կանչեց նա։

      – Ոչինչ, ոչինչ, – ընդդիմացավ Եվան, սակայն Ամալյան արդեն դուրս էր եկել խոհանոցից։ Նա երկչոտ համբուրեց Եվային, միաժամանակ գլխի թեթև շարժումով բարևելով Լեոնիդին ու Ստեփանին, և նայեց Ելենային՝ սպասելով նրա հարցին։

      – Փոխնորդ տուր, Ամալյա, շորերը լրիվ թաց են։

      – Այս րոպեին։ Իհարկե, հարկավոր է փոխել, թե չէ կարող է թոքերի բորբոքում ստանալ։– Նա Եվային ուղեկցեց ննջասենյակ։

СКАЧАТЬ