Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Մյուս սենյակում է, – ակամա նայելով ննջասենյակի կողմը, պատասխանեց Ամալյան։– Մի քիչ վատ է զգում իրեն, ոչինչ, հիմա կգա։
– Ես ինձ այժմ ոնց որ մարդասպան եմ զգում, – կրկին խոսեց Ստեփանը նայելով բոլորին ու միաժամանակ ոչ ոքի չտեսնելով։
Լեոնիդը մի պահ նայեց Ստեփանին և, թեքվելով Ռաֆայելի կողմը, կամացուկ, բայց բոլորի համար լսելի, ասաց.
– Վերջապես խելքի բեր սրան, այս ամբողջ ժամանակը նա զբաղված էր այն բանով, որ մեղադրում էր ինքն իրեն՝ կատարված հանցանքի համար, մինչև քո գալը՝ և լաբորատորիայում, և դրանից հետո՝ հիվանդանոցում, նա շարունակ նույնն էր կրկնում՝ ընդ որում՝ միլիցիայի ու դատախազության ներկայացուցիչների մոտ։ Դա, ախր, հիմարություն է։
– Լսիր, – արագ շրջվելով Ստեփանի կողմը, ասաց Ռաֆայելը։– Լեոնիդն իրավացի է։ Դու այնքան էլ մի տարվիր ինքնատվայտանքով, սովորաբար դրանից լավ բան սպասել չի կարելի։
– Դու ինչի՞ մասին ես խոսում, – մտացրիվ հարցրեց Ստեփանը։
– Կարող է այնպես պատահել, որ ես հետո ստիպված լինեմ հերքել այն, ինչ հիմա դու ասում ես, – համբերատար բացատրեց Ռաֆայելը։– Որովհետև քո մեղայական խոսքերից հետո դա այնքան էլ հեշտ չի լինի անել։ Գոնե մեզ խղճա։
Տիրեց երկարատև լռություն։ Ջրհորդաններից իր ձանձրալի քլթքլթոցներով շարունակում էր թափվել ջուրը։
– Իսկ դու ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ, – լռությունը խախտեց Ալենան՝ դիմելով Լեոնիդին։– Չէ՞ որ այստեղ պիտի գայիր։
– Հենց այստեղ էլ գալիս էի, – արձագանքեց Լեոնիդը, ափերի մեջ պահելով թեյի տաք բաժակը։– Հետո հանկարծ որոշեցի մտնել Ստեփանի մոտ, նրան էլ վերցնել։ Տաքսին նույնիսկ բաց չէի թողել, մոտեցա լաբորատորիայի դռանը, և հանկարծ Ստեփանը դուրս թռավ այնտեղից և ասաց, որ Անտոնյանը հենց նոր զոհվեց։ Ես էլ սկսեցի զանգել՝ ուր պետք է, շտապ օգնությունը եկավ, բայց դե ուշ էր արդեն։
– Իսկ Ստեփանը շա՞տ էր չարախոսում իր մասին, – հարցրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով Ստեփանին ու Լեոնիդին։
– Այն էլ ինչպես, – արագ ասաց Լեոնիդը։– Քննիչն արդեն սկսել էր գրառել նրա ասածները, քայլում էր ետևից, որսում ամեն մի բառը։ Ջահել տղա էր, երևի, նոր ավարտած, Շերլոկ Հոլմս էր ձևացնում իրեն… Իսկ ինչ է, Եվան, իրոք վատ է զգո՞ւմ իրեն, հա՞…
– Չէ, հիմա կգա, շորերն է փոխում, – ասաց Ամալյան։– Թեյը սառչում է, խմեցեք, իսկ հետո սեղան կգցեմ, ամեն ինչ պատրաստ է։
Կրկին լռություն տիրեց և հեռախոսազանգը, որ հնչեց սովորականից բարձր, մի տեսակ վախեցրեց ասես բոլորին։ Ելենան հեռախոսին մոտ էր, Ռաֆայելը հայացքով նրան հասկացրեց, որ վերցնի լսափողը։
– Այո, լսում եմ։ Բաև ձեզ։ Այո, այստեղ է։ Մի րոպե։– Ելենան ձեռքով ծածկեց հեռախոսի մեմբրանը և կամացուկ ասաց.
– Ռաֆայել, քեզ են ուզում։ Անծանոթ ձայն է…
– Սկսվեց… Ասեիր տանը չէ..– Ռաֆայելը վերցրեց լսափողը, և կկոցված աչքերով նայելով դուրսը, ուր այլևս ոչինչ չէր երևում, ասաց։– Այո, հասկանալի է, ծանր կորուստ է մեզ բոլորիս համար… Ոչ, ես համոզված եմ, որ պարզապես դժբախտ պատահար է և ուրիշ ոչինչ… – Նրա այտամկանները նկատելի ձգվեցին։– Խնդրում եմ, սպասեք վերջացնեմ խոսքս… Այո, այդ բոլորը ճիշտ է, դուք իրավացի եք, բայց, այնուամենայնիվ… Ինչպե՞ս, – Ռաֆայելը հետզհետե գունատվելով, դեմքը СКАЧАТЬ