– Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնի՞ց են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են։
Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը և կինը չասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.
– Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով հորը խփեր նետով, և նետը հակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։
Եվ երկու որդիները խփեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:
Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը։
ԱՌՅՈԻԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։
Եվ գայլն ասաց,
– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։
Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։
Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։
Եվ աղվեսն ասաց.
– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։
Եվ առյուծն ասաց.
– Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։
Եվ աղվեսն ասաց.
– Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։
ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐԸ
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուրը և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել։ Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե.
– Այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:
Եվ մեծատուն մարդն ասաց.
– Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել։
Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատակցին այդ ցնորամիտ խոսքին և, լուսնի շողերը գրկելով, երդիկից վայր ընկան և ջարդվեցին։
ԵՂԵԳՆԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
– Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
– Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին. և իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և СКАЧАТЬ