Название: Երկեր եւ վիպակներ
Автор: Ատրպետ
Издательство: Автор
Жанр: Современная зарубежная литература
isbn: 9781772466850
isbn:
Կաղ-Մքոն նույն գիշերը, գաղթականներին հագուստ ու ճերմակեղեն բաժանելիս, որոնք հավաքել էր այդ օրը թաղեցիներից, ասաց ընկերներին.
– Ահա մի «Նոր Հայաստան», կայտառ երեխաներ, վիթխարի և հաստաբազուկ տղամարդիկ, գեղեցիկ աչքերով, կարմիր այտերով կանայք ու պառավներ, աղքատություն, մերկություն ամեն կողմ, հուսահատություն բոլորի աչքերի մեջ և սրտի խորքերում: Բայց և այնպես այս չլուտ սրունքները, այս լայն կուրծքերը, այս հաստ ոսկորները, այս պինդ ուսերը մեզ՝ թուլումբաջիներիս համար շատ նախանձելի են, ես սրանք կքաշեմ դեպի մեր ջրհանները: Հարկավոր է սրանց մարդ շինել, աներկյուղ թուլումբաջիներ, որ համարձակ մտնեն հրդեհի բոցերի մեջ:
– Դու մի՜ վախենալ, էֆենդի, համալն ու մշակը բանից չեն փախչիլ, համա դու մեզ բան տուր, – ասաց մի երիտասարդ, որ, ինչպես երևում էր, եղել էր մեծ քաղաքներում և կռնակը սովորել էր ծանր հակեր կրելու:
Կարծրամարմին մշեցիներից մի մասը մտավ Կաղ-Մքոյի խումբը, մյուսը՝ Կարճ-Նազարի: Որովհետև այդ հայրենիքից հալածվածները երկու խմբից էլ անվերջ բարիքներ էին վայելել, այդ պատճառով դեպի երկուսն էլ տածում էին անկեղծ հարգանք: Կաղ-Մքոյի նախագուշակությունը արդարացրին ավերակ ճեմարանի թշվառ բնակիչները, և մերկասրունք իսկյուտարցի թուլումբաջիները սկսեցին հարգել իրենց վախկոտ ու անսիրտ համարած ընկերակիցներին: Մշեցի գաղթականների հրդեհների ժամանակ տարած հաղթանակներից սքանչացած՝ Կաղ-Մքոն ու Կարճ-Նազարը սկսեցին իրար ձեռքից խլել նորավարժ թուլումբաջիներին: Արդեն հարևան բոլոր թուլումբաջիների խմբերը, թեև նախանձելով, բայց անկեղծ խոստովանվում էին գաղթական թուլումբաջիների մեծ հաջողականությունները և այդ բոլորը վերագրում էին Կարճ-Նազարի ժրաջան աշխատասիրության: Կաղ-Մքոն ավելի ու ավելի կատաղում էր այդ բանը լսելով, այնպես որ նա էլ չկարողացավ զայրույթը զսպել: Մեկ անգամ նա, ս. Խաչ եկեղեցու բակում, ասաց մի պառավ կնոջ, որ Սելամսըզի թուլումբաջիներն էլ չեն օգնի նրանց, էլ հագնելիք ու վառելիք չեն տալ, քանի որ նրանց որդիքր իրենց խումբը թողնելով, անցել են Կարճ-Նազարի թուլումբաջիների շրջանը մտել:
Այս բանի վրա կատաղեց պառավը և ասաց.
– Որ էդպես է, դուք մեզի ոչ թե մեր խեղճության ու աղքատության համար է, որ օգնում եք, հապա մեր ուսերի համար: Լավ, մենք էլ չենք ուզեր ձեր օգնությունը: Սրանից հետո մենք էլ ձեր դուռը չենք գալ ողորմության, մեր դարդը կլանք, մեր ձեռքը կերկարենք Կարճ-Նազարի թուլումբաջիներին: Նրանք դեռ մարդու չեն հարցրել, թե յուր որդին ո՞ր թուլումբաջիների շարքն է:
Պառավն իր համառությունով կարողացավ դրացիներից շատերին էլ քաշել Կարճ-Նազարի կողմը: Կաղ-Մքոյի թուլումբաջիների խումբը հետզհետե թուլացավ, երբ մշեցիների մեծ մասը հեռացան: Ընկերներից մի քանիսը թեև չէին կարողանում համարձակ Կաղ-Մքոյի երեսին տալ իր բռնակալությունը, բայց կողմնակի կերպով հասկացնում էին: Հրդեհների օգնության շատերը չէին գնում, շատերը ուշանում էին, շատերն էլ նրա անտեղի СКАЧАТЬ