Название: Ոսկե աքաղաղ
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772466928
isbn:
Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա: Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած տեղը նիրհել: Բայց անկարելի էր գիտենալ՝ արդյոք նա քնած էր, թե արթուն: Որովհետև, հենց մի «մուշտարի» ներս մտնելիս, մի բան պահանջելիս, երբ աշակերտները ուշ կշարժվեին, նա իսկույն աչքերը բաց կաներ, կասեր՝ «Լակոտներ, քոռացե՞լ եք, ինչ է, չե՞ք տեսնում, բան են ուզում»:
Բայց մի անգամ մի դեպք Մասիսյանին այնքան կոտրեց, որ նա իր բոլոր աչալրջությամբ իրան խաբված և հաղթված համարեց: Իր մտերիմ բարեկամներից մեկը վախճանվել էր, նա պարտք համարեց թաղման ներկա գտնվիլ: (Կրոնական պարտավորությունների մեջ ճիշտ էր Մասիսյանը): Բոլորովին հոգնած վերադարձավ նա խանութը, տեսավ՝ մյուս աշակերտները գործի էին գնացել, այնտեղ մնացել էր միայն Միքայելը: Պատվիրելով նրան նայել խանութին, ինքը գնաց, նստեց իր սովորական տեղը: Սաստիկ տաք օր էր: Հոգնածությունը մեկ կողմից, իր մտերիմի մահվան տխրությունը մյուս կողմից, նրան խիստ թուլացրել էին: Պետք է խոստովանել, որ հանգուցյալի հոգու համար մի քանի բաժակ ավել էր խմել: Եվ այս պատճառով, հենց որ նստեց իր տեղը, սկսեց խորին կերպով նիրհել: Նույն միջոցին մի բավական լավ հագնված երիտասարդ ներս մտավ, նայեց իր շուրջը և հանդարտ մոտեցավ աղային: Նրա ոտքերի ձայնից աղան զարթնեցավ:
– Առեք այդ բանը, – ասաց անծանոթը՝ շտապով հանելով իր ծոցից մի ոսկյա ժամացույց: – Ինչ կտաք, տվեք, փողի սաստիկ կարոտություն ունեմ: Կինս մեռնելու վրա է, շտապում եմ բժշկի մոտ:
Մասիսյանը ուշադրությամբ նայեց անծանոթին, նայեց ժամացույցին և ասաց.
– Հիսուն ռուբլուց ավել չի արժի:
– Տվե՛ք փողը, աստված ձեզ խեր տա, բայց հավատացեք, որ Մոսկվայում ութսունով եմ գնել, – ասաց անծանոթը դարձյալ շտապեցնելով:
Մասիսյանը համբարեց հիսուն ռուբլին, անծանոթը շուտով հեռացավ:
Միքայելը, որ զարմացած նայում էր այս առևտուրին, խոսեց անծանոթի հեռանալուց հետո:
– Այդ մարդը մի ժամ առաջ մտավ մեր խանութը, ժամացույցներին շատ նայեց, այս կողմ և այն կողմ տվեց, հետո ոչինչ չառեց, ասաց՝ ես ուզում էի միայն գներն իմանալ, ես մի հատ ունեմ ծախելու:
– Տարա՜վ հիսուն ռուբլին… – կոչեց Մասիսյանը:
– Ի՞նչպես СКАЧАТЬ