Название: Ոսկե աքաղաղ
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772466928
isbn:
Գիրը նրան այնքան ատելի էր, որքան սատանան: Հաշվապահություն ասած բանը չկար նրա խանութում: «Ա՛ռև-տո՛ւր» – այս բառի իմաստը նա լավ էր հասկացել, – մի ձեռքով առնել, մյուսով տալ, – այսպես էր հասկանում նա վաճառականությունը: «Նիսիայի» հետ գործ չուներ նա: Հաշիվ, ասացինք, չէր պահում, նրա ամբողջ առևտրական գործողությունների հաշվետոմարը իր գլուխն էր: Մի զարմանալի հիշողություն իշխում էր ամեն բանի վրա: Նա գիտեր քանի տեսակ ապրանքներ կան իր խանութում, այսինչ տեսակից ո՛րքան է ծախվել, ո՛րքան մնացել, ի՛նչ է յուրաքանչյուրի գինը, քա՛նիով պետք է ծախել, որ վաստակ մնա, – բոլորը գիտեր նա: Գիրը նա գործ էր դնում միայն պարտականների համար: Այս բանի մեջ նրա հիշողությունը նույնպես հրաշալի գործ էր կատարում: Երևակայեցեք ձեզ մի արկղիկ, լցված հազարավոր թղթերի կտորտանքով, դրանք բոլորը զանազան անձերի պարտամուրհակներ են, որոնք խանութի ապրանքների նման անկարգ խառնած են միմյանց հետ: Բայց Մասիսյանը բոլորը ճանաչում էր, թե որն ումն է պատկանում, թեև ինքը կարդալ չգիտեր: Եվ երբ հայտնվում էր մի պարտական, նա իսկույն ջոկում էր շատերի միջից նրա մուրհակը և, առանց կարդալ տալու, ասում էր, թե որքան է անցել ժամանակից, որքան կլինի տոկոսը, որքան իսկական գումարը և այլն: Ոչ միայն այդ, այլ տասն տարվա հնացած մի հաշիվ նա կարող էր կոպեկներով տեղն ու տեղը ասել: Եվ իր կյանքի մեջ պատահած բոլոր անցքերը նա կարող էր մանրամասնաբար պաամել, թե ի՛նչպես կամ ո՛րտեղ պատահեց, ո՛ր թվին, ո՛ր օրը, ո՛ր ժամին, ո՛վ կար այնտեղ, ի՛նչ խոսեցին և այլն: Հիշողությունը նրա մեջ այն աստիճան զարգացել էր, որ գերբնական բնավորություն էր ստացել: Եվ այս պատճառով նա հաշվապահության կարոտություն չէր զգում, երբ մի բան պակաս էր խանութից կամ մի բան գողացվել էր, անկարելի էր, որ նրա նկատողությունից անհայտ մնար:
Հիշյալ հատկությունների հետ չափազանց իր գործին արի և զգույշ էր Մասիսյանը: Ժամատան դեռ առաջին զանգակի ձայնը չլսված, նա միշտ հագնված և պատրաստ էր: Տանից դուրս գալով, իր անխափան սովորության համեմատ, նա առաջ գնում էր ժամ: Այնտեղ մնում էր մինչև վերջը: Ժամից ուղղակի դիմում էր բազար, երբ արեգակը դեռ ծագած չէր լինում, (ժամը այս կողմերում սովորաբար շուտ է արձակվում): Միքայելը մի մեծ զամբյուղ թևից քարշ գցած, վաղուց արդեն սպասում է աղային, մեյդանում (հրապարակում) կանգնած: Աղան նույնպես առաջ կգար մեյդանը, որ տեսներ, թե գյուղացիք ինչ են բերել ծախելու: Բոլոր գյուղացիներին ճանաչում էր նա անուններով, հոր, որդիների և մինչև անգամ նրանց կնիկների անուններով: Ամենին կմոտենար, ամենի հետ քաղցրությամբ կխոսեր, ամենի քեֆը կհարցներ և նրանց բերած մթերքի գները կտեղեկանար, թեև իրան պետք չէին և գնելու միտք չուներ: Գյուղացիք միշտ ուրախանում էին, որ այնպիսի մեծ աղա, այնքան բարի էր, որ իրանց մարդի տեղ էր դնում:
Բայց արջը միայն գիտե, թե ինչու է այնքան սիրով պտտվում մեղրի փեթակի շուրջը: Բավական էր, որ գտներ մի «խամ» գյուղացի, որ ձուկն, նոր կարագ, պանիր կամ հավ էր բերել ծախելու. նրան բոլորովին կհոգնեցներ զանազան խոսքերով, թե նրա «հանգուցյալ» հոր հետ լավ բարեկամ է եղել, թե նրան շատ լավություններ է արել, և ով գիտե, հազար ու մեկ խոստմունքներով առատ-առատ հույսեր կտար, մինչև նրան խելքից կհաներ և ուզած բանը սովորականից մի քանի կոպեկ պակասով կառներ: Մասիսյանը սիրում էր իր տան ամենօրյա պաշարեղենը իր ձեռքով գնել: «Օտարի ձեռքով միայն լավ է փուշ քաղել», – այդ էր նրա սովորական առածը: Մեյդանում իր գործը վերջացնելուց հետո նա ամբողջ ժամերով քարշ կգար մրգավաճառների, СКАЧАТЬ