Название: Կայծեր Մաս 1
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467079
isbn:
Ոչինչ ինձ այնքան չէր տանջում, որքան այն զգացմունքը, որ ամբողջ քառասուն օր ծոմ ու պաս էի պահել, առավոտյան, կեսօրին և երեկոյան ժամ էի գնացել, աղոթք էի արել, իսկ այս գիշեր, որ զատկի ճրագալույցի գիշերն էր, նույնպես պիտի եկեղեցի գնայի, պատարագ տեսնեի և «Սուրբ-սուրբը» երգելու ժամանակ` պետք է մորս տված կարմիր ձուն տաճարին ցույց տայի ու այնուհետև պասս բաց անեի. – այս բոլոր ջերմեռանդ ցանկություններս անկատար մնացին, բոլորից զրկվեցա… Կրոնական զգացմունքը վառ էր իմ մեջ, իմ հոգին լի էր ջերմ հավատքով: Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ, և այս պատճառով մեծ ցավ էի զգում, որ այն օր զուրկ մնացի եկեղեցուց: Մյուս կողմից, ինձ տանջում էր մի սարսափելի նախանձ. ես մեր դպրոցի առաջին աշակերտն էի, իսկ ինձանից հարյուր անգամ ստոր ընկերներս այն գիշեր պետք է եկեղեցում «փոխ» ասեին, «գիրք» կարդային, շարականներ երգեին և իրանց ծնողներին ուրախացնեին, – իսկ իմ խեղճ մայրը պետք է իր որդու ձայնը չլսեր… Այս բոլոր մտածություններն այն աստիճան պաշարել էին ինձ, որ ես բոլորովին մոռացել էի վարժապետիս սպառնալի պատիժը, որ սպասում էր ինձ մի քանի ժամից հետո: Զարմանալի՜ հակասություն: Նա պիտի պատժեր ինձ, նա պիտի բարբարոսի նման նահատակեր ինձ, այն խոսքերից հետո, որ այսօր աստծո սուրբ սեղանից, իբրև քահանա, պիտի ավետեր աշխարհին – «Քրիստոս յար եաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»:
Իսկ իմ բա՞նտը… ես իմ անձնամոռացության մեջ դեռ նրան ուշադրության չէի առել: Չնայելով, որ ապրիլ ամիսն էր, բայց շոգերը սկսվել էին արդեն: Գոմը, ուր բանտարկված էի ես, լիքն էր զանազան միջատներով, որոնք իրանց սուր խայթոցները խրում ու խրում էին մարմնիս մեջ: Մի կողմից անասունների հոտած աղբի արտաշնչությունը խեղդում էր ինձ, մյուս կողմից սիրտս թուլանում էր քաղցածությունից: Ողորմա՜ծ աստված, ի՞նչ անեի, փախչել չէի կարող. դուռը ամուր կերպով փակած էր. իսկ համբերել այն տարտարոսի մեջ, – մահվան չափ սպանիչ էր…
Արևը վաղուց արդեն մտել էր. խավարը ավելի և ավելի թանձրանում էր գոմի մեջ: Ես բոլորովին կատաղեցա, ինձ տիրեց մի տեսակ խելագարություն: Երկաթե վանդակի մեջ նոր բռնված գազանի նման, ես այս կողմ և այն կողմ էի թռչում, աշխատում էի մատներով քանդել պատերը, խորտակել սյուները, ծակել առաստաղը, կոտրել դուռը, լայնացնել նեղ լուսամուտները, որ մի հնար գտնեմ ազատվելու: Այդ կռիվը տևեց մի քանի ժամ, մինչև ես բոլորվին հոգնեցա, թուլացա և վեր ընկա հատակի վրա: Այդ միջոցին ինձ տիրեց երևակայության բորբոքումը և հրեշավոր ցնորքների խառնափնթորությունը: Տատիս հեքիաթների մեջ լսած յոթնգլխանի վիշապները, եղջյուրավոր СКАЧАТЬ