Պաղտասար աղբար. Հակոբ Պարոնյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պաղտասար աղբար - Հակոբ Պարոնյան страница 5

СКАЧАТЬ – Ինձի պես կնիկ քեզի համար շատ էր ու ծանր, գիտեի, որ չպիտի կրնայիր տանել զիս, որովհետև դարուս լուսավորության ոգին ըմբռնած չէիր,որովհետև կինն իբրև ստրուկ կնկատեիր, այս ամենը գիտեի, բայց կհամբերեի, անիծելով միայն այն օրն, ուր խոսք տվի քեզի հետ ամուսնանալու:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Բարով խերով չտայիր…

      ԱՆՈՒՅՇ – Դրացիներս կջանային համոզել զիս, որ չկարգվիմ հետդ, այն փայտի կտորին հետ ի՞նչպես պիտի ապրիս, կըսեին, իսկ ես կպատասխանեի իրենց, թե նշանածս աղեկ մարդ է:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Բարով խերով չըլլայի…

      ԱՆՈՒՅՇ – Ամուսնանալես վերջը քանիներ ըսին ինձ, թե այդ ավանակին հետ ի՞նչպես ժամանակ կանցունես, և ես պաշտպանեցի այն ատեն քեզի, պատասխանելով անոնց, թե ամուսինս խելացի մարդ է:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Այդ քանիներն են ավանակները… և դու չես խպնիր ասանկ խայտառակ խոսքեր ընելու…

      ԱՆՈՒՅՇ – Բնավ չեմ մոռնար, օր մը քու բարեկամներեդ մին ըսավ, թե “Սիրտդ չկոտրի, Պաղտասարն աղեկ մարդ է, բայց կոշտ է, հետը խոսք չըլլար բնավ”: Այս խոսքին վրա տուն դարձեր եմ և երկու ժամ նստեր, լացեր եմ: Ոմանք ալ, չգիտնալով որ կինդ եմ – որովհետև չկա մեկն, որ զքեզ վայելցնե ինձի – զքեզ կբամբասեին և անանկ ծիծաղաշարժ գործերդ կպատմեին, որ լսելով, կամչնայի հայտնել, թե կինդ եմ: Ի՞նչ կընեի, սիրտս կդնեի, կուլայի և քեզի բան մը չէի ըսեր, միշտ կջանայի սակայն, որ մարդ ըլլաս և ընկերությանց մեջ մտնես ելնես, և այս բոլոր ջանքերս րոպեի մը մեջ մոռցվեցան: Աղեկ, աղեկ:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Եվ այս ամենը կընեիր ուրի՞շ մը սիրելու համար:

      ԱՆՈՒՅՇ – Զո՞վ սիրած ունիմ:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Սատանե մը ավելի զզվելի է ինձ:

      ԿԻՊԱՐ – Մտիկ ըրեք, խնդրեմ…

      ԱՆՈՒՅՇ – Այդ առաջարկությունն մի ըներ, կաղաչեմ:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Այս գործին մեջ մի մտներ:

      ԿԻՊԱՐ – Ամուսնության մեջ ասանկ պարագաներ կրնան պատահիլ, խոհեմությունը կպահանջե, որ…

      ՊԱՂՏԱՍԱՐ – Հանցավորը պատժվի:

      ԱՆՈՒՅՇ – Այո, ես ալ կպահանջեմ, որ հանցավորն պատժվի և հասկնա, թե կինն ստրուկ չէ: Ենթադրենք վայրկյան մը, թե սիրական մը ունիմ իրոք և դնենք, թե սիրական մը ունենալս հայտնվեցավ, ի՞նչ ընթացք բռնելու պարտավոր էր… ամեն բան տակնուվրա՞ ընել, փաստաբաններո՞ւ դիմել, պոռա՞լ, կանչե՞լ…

      ՊԱՂՏԱՍԱՐ – Այո, այո:

      ԿԻՊԱՐ – Պարտավոր էիր նախ կինդ կանչել…

      ԱՆՈՒՅՇ – Պաղարյամբ խոսիլ…

      ԿԻՊԱՐ – Գործն իրմե ստուգել…

      ԱՆՈՒՅՇ – Առանց բարկանալու…

      ԿԻՊԱՐ – Եվ եթե իրոք սիրական մը ունի…

      ԱՆՈՒՅՇ – Ներել ու խրատել…

      ԿԻՊԱՐ – Որ ուրիշ անգամ…

      ԱՆՈՒՅՇ – Ասանկ պակասության մեջ չգտնվի…

      ԿԻՊԱՐ – Եվ եթե երկրորդ անգամ գտնվի…

      ԱՆՈՒՅՇ – Երկրորդ անգամ ներել…

      ԿԻՊԱՐ – Խրատել, հորդորել…

      ԱՆՈՒՅՇ – Եվ ըսել թե աղեկ բան չէ…

      ԿԻՊԱՐ – Սիրական մը ունենալը…

      ԱՆՈՒՅՇ – Ուրիշ սիրականներ ալ ունենալու կառաջնորդե…

      ԿԻՊԱՐ – Եվ թե շատ սիրականներ ունենալն…

      ԱՆՈՒՅՇ – Հաճո չթվիր ամուսիններուն…

      ԿԻՊԱՐ – Վերջապես СКАЧАТЬ