Название: Հին աստվածներ
Автор: Լեւոն Շանթ
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772467062
isbn:
ԱԲԵՂԱՆ – (Ետ-ետ կերթա հափշտակված աղջկան նայելով):
ԱՂՋԻԿԸ – Բայց գիտե՞ս` ինչ ուժեղ թևեր ունիս և ինչպես ճկուն, իսկ ես դեռ այնպես հուզված եմ, դեռ այնպես հոգնած (Կուզե նստի Աբեղայի անկողնին):
ԱԲԵՂԱՆ – (Արգիլել ուզելով) Օրիորդ:
ԱՂՋԻԿԸ – (Կնստի անկողնին ծայրը) Ես օրիորդ եմ ծառաներուս համար, ես օրիորդ եմ մեր հպատակներուն համար, իմ տերս ինծի այլ կերպ պիտի կանչե:
ԱԲԵՂԱՆ – Սեդա:
ԱՂՋԻԿԸ – Վայ, դուն գիտես անունս:
ԱԲԵՂԱՆ – Հայրդ քեզի այդպես կանչեց:
ԱՂՋԻԿԸ – Այո, Սեդա է անունս: Իսկ ի՞նչ է քու անունդ:
ԱԲԵՂԱՆ – Ինծի Աբեղա կկանչեն:
ԱՂՋԻԿԸ – Իսկ առա՞ջ, առա՞ջ, երբ դուն աշխարհն էիր դեռ ու աշխարհինը:
ԱԲԵՂԱՆ – Իմ աշխարհս վանքն է եղեր միշտ, քանի խելքս կհասնի:
ԱՂՋԻԿԸ – Ասիկա՞: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ:
ԱԲԵՂԱՆ – Կմրսի՞ս:
ԱՂՋԻԿԸ – Բան մը տուր վրաս, որ հոգիս տաքնա:
ԱԲԵՂԱՆ – Ես ոչինչ չունիմ:
ԱՂՋԻԿԸ – (Առանց գլուխը դարձնելու, ետևը պատեն կախված վերարկուն մատնանիշ ընելով) Այ:
ԱԲԵՂԱՆ – Վերարկո՞ւս:
ԱՂՋԻԿԸ – Ինչպես կմրսիմ:
ԱԲԵՂԱՆ – Վերարկո՞ւս:
ԱՂՋԻԿԸ – Կվարանիս: Բայց չվարանեցար կյանքդ ինծի տալու, երբ ետևես կատղած ալիքներուն մեջը նետեցիր քեզի:
ԱԲԵՂԱՆ – Ոչ չվարանեցա: Ան ուրիշ էր:
ԱՂՋԻԿԸ – Այո, ան ուրիշ էր: Հոն կռիվ էր ու փոթորիկ, իսկ հոս լուռ է ու խաղաղ, ինչպես գերեզման: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ: (Կելլե ոտքի):
ԱԲԵՂԱՆ – (Կվազե դեպի վերարկուն, ձեռքը կերկարե ու նորեն վարանած կանգ կառնե) :
ԱՂՋԻԿԸ – (Խնդրանքով) Բեր, բեր…
Աբեղան հանկարծ կխլե վերարկուն ու կդառնա դեպի աղջիկը, որ արդեն աներևույթ է եղած: Աբեղան կմնա քարացած, վերարկուն բռնած ձեռքը առաջ պարզած:
Դուրսեն կլսվի ժամկոչին ձայնը, որ մելամաղձոտ ու միալար երգով մը ժամ կկանչե: Ձայնը հետզհետե կմոտենա: Աբեղայի ձեռքեն կիյնա վերարկուն:
ԱԲԵՂԱՆ – (Շրթունքներուն մեջեն) Հիսուս… (Կուզե նորեն չոքե խաչին դեմը, ու խելառի պես ետ կցատկե): Ոչ, ոչ: Եթե հանկարծ նորե՞ն երևնա: (Դեմքը կշրջե անկողնին կողմը) Ախ, Աստվածս երես դարձուց ինծմե: (Հեծկլտանքով կիյնա մահճակալին ոտքը ու դեմքը կթաղե անկողնին մեջ):
Դուրսեն կլսվի միշտ ժամկոչին երգը, որ հետզհետե հեռու ու հեռու, կթուլանա, կնվազի ու կհալի:
ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ
Առաջին տեսարան
Աղբյուրի գլուխը, հինավուրց վիթխարի ծառի մի ստվերին տակ
Ծերունի վանականը նստած է ծառին տակը փայտե նստարանին ու քնած կերևա: Աղբյուրին մոտիկ խմբված են Ղազար, Մովսես, Դավիթ ու Զաքարիա վանականները և տիրացուն, կխոսին փսփսուքով ու անհանգիստ: Անոնց քովը կեցած է Աբեղան աչքերը գետին ու կլսե:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Իրա՞վ է, նորե՞ն:
ՏԻՐԱՑՈՒՆ – Ցատկեր է անկողնուն վրա, նստեր է կոկորդին ու սկսեր է խեղդել:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ – Խեղճը հազիվ է շունչը ազատեր:
СКАЧАТЬ