Название: Հին աստվածներ
Автор: Լեւոն Շանթ
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772467062
isbn:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Միաբանությանս մեջ կրտսերն է, իշխան:
ԻՇԽԱՆԸ – Է, վրադ պիտի չըլլար այդ սև վերարկուն և ես գիտեի իմ ընելիքս: Քեզի կուտայի իմ տակիս նժույգը, կուտայի քեզի, այ իմ սեփական սուրս, որ երեսուն տարի ծառայեր է ինծի հավատարիմ, և կառնեի քեզ իմ պալատս, իբրև իմ հարազատ որդիս: Իմ սև նժույգս քու այդ կերպարանքիդ աղվոր պիտի վայլեր, իսկ ձեռքդ, կտեսնեմ, շուտով պիտի սորվեր սուրիս: Ձիս ու սուրս թե հերիք չեկավ, կուտայի քեզի և աղջիկս…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխան:
ԻՇԽԱՆԸ – …Որուն կյանքը այսօր ազատեցիր: Անիկա արդեն քոնը կըլլար ըստ օրինի: Դուրսը աշխարհին մեջ` ով ինչ վերցուց, վերցուց:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխան:
ԻՇԽԱՆԸ – Գիտեմ, գիտեմ, այս սուրբ մենաստանին մեջ այս խոսքերուն տեղը չէ: Բայց ի՞նչ ընեմ, կուզեի բան մը տամ, կուզեի բան մը ընեմ, կուզեի բանով մը երախտագետ ըլլամ այս անձնվեր, այս քաջ կտրիճին; Ափսոս, այդ սև վերարկուն կկաշկանդե իմ թևերս: (Մոտենալով աբեղային) Տղաս, քու իշխանդ քու առջևդ շատ աղքատ է ու շատ անզոր քեզի փոխարեն մը ընելու, ինչ որ ըսել կրնամ` հոս ներելի չէ, ինչ որ տալ կրնամ` քեզի պետքը չէ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մեզի պետք է քու զավկիդ երկար արևը:
ԻՇԽԱՆԸ – Աղեկ, ես քեզի պարտական մնացի, աղվոր զգացում չէ, ես սովոր չեմ եղեր պարտական մնալու: Ինչևէ, տուր ձեռքդ, տես իմինս, ասիկա երբեք տկար չէ եղած մեր թշնամիներուն դեմ ու երբեք ալ անարդար գործ չէ տեսած, արժանի է, որ սեղմես այդ քու ձեռքովդ, որ այսօր ազատեց աղջիկս ալիքներեն: (Պինդ կսեղմե աբեղային ձեռքը) Մտնենք, վանահայր, տաճարին ներսը:
Իշխանը, վանահայրը, հետևորդները և վանականներեն շատերը կմտնեն եկեղեցի:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Կամաց մը բռնելով Աբեղայի թևեն) Երթանք, մենք ալ երթանք ու քիչ մը հանգստացիր: Դեռ դժգույն ես բոլորովին և կզգամ մարմինդ, որ դեռ կդողա:
Կես մը գրկած կտանի դուրս:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Մոտենալով Ադամ վանականին, խորհրդավոր կերպով) Հիմա ո՞րքան ժամանակ պետք է ապաշխարե Աբեղան, որ տաճարին մուտքը նորեն բացվի իրեն համար:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ապաշխարե՞, ինչո՞ւ համար:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Չէ՞ որ ձեռք է տվեր կնկա:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Բայց… բայց այս տեսակ դեպք…
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ատիկա միևնույն է, մեղքը մեղք է միշտ: (Ավելի խորհրդավոր) Ես տեսա, երբ իրարու փաթթված դուրս ելան ալիքներուն մեջեն: Իշխանին մարդիկը գրեթե բռնի խլեցին աղջիկը անոր թևերուն մեջեն:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – (Զայրույթով) Անմիտ բաներ կխոսիս:
Երրորդ տեսարան
ԱԲԵՂԱՅԻՆ ԽՈՒՑԸ, ԳԻՇԵՐ
Ցած ու փոքր սենյակ մը, պատերը անգաջ քար: Ճակատը տախտակե պարզ մահճակալ, վրան փռված է փոստ մը, չոր ու կարծր բարձ մը, իսկ կոշտ ծածկոցը կիսովին ինկած է գետին: Սենյակին մեջտեղը հին կարպետի կտորի մը վրա ցածլիկ ու լայն գրակալը, գրակալի վրան ալ մեծ ու բաց ձեռագիր մը: Սենյակին մեկ կողմը փայտե կոպիտ սեղան, վրան փայտե սև խաչ մը, կավե փարչ մը և յուղի ճրագը, որ կպլպլա: Մյուս կողմը սենյակի մուտքն է: Մահճակալին գլուխը պատեն կախված է Աբեղայի վերարկուն:
Աբեղան նստած է մահճակալին ծայրը, ձեռքերը կրծքին ծալլած և աչքերը շեշտ հառած գետին: Անոր քովը փայտե ցած աթոռակի մը վրա նստած է Կույր վանականը, շիտակ, անշարժ, երկու ձեռքը գավազանին ու գլուխը բարձր պահած:
ԿՈՒՅՐ СКАЧАТЬ