ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 8

СКАЧАТЬ որ, ասես ճակատագրի չար հեգնանքով, և նախկին ամուսինը՝ Ստեփանը, և նորը՝ Դավիթ Ավետովիչը, աշխատում էին նույն լաբորատորիայում, կողք-կողքի։ Ավելի շուտ՝ դա ոչ թե անհանգստացնում, այլ մի տեսակ բարկացնում, անբավականության զգացում էր առաջացնում իր մեջ։ Գնալով՝ Եվան ավելի ու ավելի էր ափսոսում իր թեթևամիտ քայլի համար, որ տեղի տվեց հոր շարունակական հորդորներին, բաժանվեց Ստեփանից։ Այո, վարձով էին ապրում, դժվար էր, Ստեփանի աշխատավարձի կեսից ավելին գնում էր դրան, իսկ հայրը դիտավորյալ չէր օգնում, թեպետ դրա հնարավորությունն ուներ։ Հայրը դժգոհ էր Ստեփանից, որ, փոխանակ ասպիրանտուրայում մնալու, գերադասեց գնալ նավթահանքեր։ Հորը կատաղեցրեց նրա այդ քայլը։ ''Նա կուլտուրական կյանքով ապրել չգիտի,– ասում էր հայրը,– այդպիսիները կարիքի մեջ են լինում շարունակ։ Ես գեղեցկուհի աղջիկ չեմ մեծեցրել , որ նավթագործ բանվորի տամ, դուրս եկ դրանից, ես գիտեմ, թե ում հետ եմ ամուսնացնելու քեզ։ Մինիստրի հետ եմ ամուսնացնելու։ Հարստության, ոսկու մեջ լող ես տալու''։ Ինչո՞ւ, ինչո՞ւ լսեց նրան, եթե ինքը երջանիկ էր Ստեփանի հետ։ Պարզապես չհասկացավ դա, չուզեց հասկանալ։ Հայրը, իրոք, մինիստրի հետ ամուսնացրեց նրան. Դավիթ Ավետովիչը արդյունաբերության մինիստրի տեղակալ էր ու միաժամանակ դասախոսում էր քիմիայի ինստիտուտում։ Ստեփանը նույնպես այդ ինստիտուտն ավարտեց։ Իսկ ինքը երրորդ կուրսից թողեց, դուրս եկավ։ Դարձյալ հիմարություն արեց։ Հերթական հիմարությունը։ Եվան կարոտով մտաբերեց կուրսեցիներին՝ Լեոնիդին, որ գաղտնածածուկ սիրահարված էր իրեն, Ռաֆայել Ալիզադեին, որ հիմա նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտի դիրեկտոր է, Ելենային, որի հետ շատ մոտ էր և որը, համաձայն իր խոստովանության, վաղուց, դեռևս դպրոցական նստարանից, սիրում էր Ստեփանին։ Կրկին ու դարձյալ Ստեփանին հիշեց, վերստին ապրելով այն գեղեցիկ պահերը, որ անվերադարձ անցան ու էլ ետ չեն դառնալու… Եվան հանկարծ հիշեց, թե ինչպես մի անգամ Ստեփանը քիչ էր մնում խանդից սպաներ իրեն այն բանի համար, որ ինքը ժպիտով պատասխանել էր հարևանի բարևին։ Աստված իմ, ինչպես է նա կարողանում Դավիթ Ավետովիչի հետ աշխատել միասին, ինչպիսի մտքեր են ծագում նրա մեջ։

      Նա ելավ անկողնուց, ոտքերով գտավ հողաթափերը, և գիշերանոցով, որի մեջ հստակորեն գծագրվոում էր նրա վայելուչ փխրուն մարմինը, մոտեցավ լուսամուտին։

      Գորշավուն երկինքը քաղաքի վրա մռայլ մաղում էր իր ջրե փոշին, և ամբողջ բակն ու բակից այն կողմ, ասֆալտապատ փողոցը ճարպե փայլ էին ստացել։ Փողոցի ծայրին լուսաֆորը ներկվում էր մեկ կարմիր, մեկ դեղնագույն, մեկ կանաչ, և թաց ասֆալտը շարունակ անդրադարձնում էր այդ գույները։

      Եվան՝ բարակ հոնքերով, նուրբ ու կապուտաչ, շեկ մազերով, որ արտակարգ գրավչություն էին տալիս նրա դեմքին, լուսամուտի առջև կանգնած լռին նայում էր դուրս, ուր թաց անձրևանոցներով ու անջրանցիկ թիկնոցներով աշխատանքի էին շտապում մարդիկ. Աշնանային քաղաքն արթնանում էր քնից։

      Երրորդ տարին էր, ինչ Եվան ապրում էր այս տանը, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ ոչ տանը, և ոչ էլ, ավաղ, ամուսնուն։

      Խոհանոցից ափսեների ձայն լսվեց։ Մարիամն է՝ մտածեց Եվան։ Ամուսինն արդեն աշխատանքի էր գնացել։ Միշտ այդպես էր. առավոտ շուտ , մինչև վարորդը կգար նրա ետևից, տեղից ելնում, մի գավաթ սուրճ էր խմում, կարագով պանիր-հաց ուտում և մեկնում՝ առանց կնոջն արթնացնելու։ Նա գնում էր քաղաքային փակ լողավազան՝ լողանալու, իսկ այնտեղից՝ ուղիղ մինիստրություն։

      Այո, Մարիամն էր։ Նա այտեղ խոհանոցում, հավաքում էր սեղանը։ Մարիամը՝ իր տարիքին անհամապատասխան СКАЧАТЬ