Название: Դավիթ Բեկ
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
Серия: Столетие геноцида армян
isbn: 9785000649824
isbn:
Իշխանին խիստ անախորժ էր դատավոր լինել մի այսպիսի ընտանեկան կռվի, բայց մանկահասակ կնոջ վրդովմունքը, նրա թշվառությունը և ծերունի ամուսնի անգթությունը այն աստիճան ազդեցին նրա վրա, որ պատասխանեց.
– Կկտրեմ…
Ծերունի հրեան սարսափեց:
– Եսթեր, ի սեր աստծո, – գոչեց նա ողբալի ձայնով, – ես աղբ կուտեմ, գլուխս քարին կտամ, ես քեզ էլ չեմ ծեծի, ինչ որ ուզես կառնեմ, միշտ յուղ, մեղր, փլավ կուտացնեմ…
Եսթերը այս խոսքերից ուրախացավ և մի գրավիչ ժպտով, որի մեջ արտահայտվում էր և՜ ակնածություն, և՜ շնորհակալություն, մոտեցավ իշխանին, և բռնելով նրա աջը, սեղմեց իր վարդագույն շրթունքի վրա: Կնոջ վարմունքը ամենևին օտարոտի չթվեցավ նրա ամուսնին, որովհետև այս կողմերում սովորություն էր կնիկներին ի նշան հարգանքի համբուրել տղամարդերի ձեռքերը:
Հարունը ճշմարիտ էր ասում, որ ինքը ակամա ամուսնացավ: Փողի սերը բոլորովին կուլ էր տվել նրա սիրտը. կնոջ համար ոչինչ չէր մնացել: Վաթսուն և հինգ տարեկան հասակում նա ամուսնացավ տասնևվեց տարեկան Եսթերի հետ: Կինը այժմ քսանմեկ տարեկան էր, իսկ ինքը բոլորովին ծերացած: Խանդոտ ծերունին պահում էր Եսթերին իր այրի քրոջ պահպանության ներքո, որը սատանայի նման հսկում էր նրա վրա: Այս գիշեր մի դիպվածով նա տանը չէր, գնացել էր իր աղջկա մոտ: Եթե տանը լիներ, Եսթերը նրա մասին էլ շատ գանգատներ կաներ իշխանին: Այդ պառավը նրա հոգին առնում էր, չէր թողնում ջահիլ տղերքի հետ խոսի, չէր թողնում մենակ տնից դուրս գնա… Եսթերը շատ անբախտ էր, Եսթերը մի լավ օր չէր տեսնում… Հուդիթների այդ գեղեցիկ, մանկահասակ քույրիկը այրվում, տանջվում, խորովվում էր երկու պառավների ճանկերի մեջ… և նրա սրտի բոլոր տանջանքները կարելի էր նկատել նրա վշտացած, գունաթափ դեմքի վրա:
Գիշերից բավական անցել էր: Այժմ Հարունին անհանգստացնում էր ոչ թե կնոջ անզգամությունը, այլ գլխավորապես այն միտքը, թե ի՞նչ պետք էր անել անտանելի հյուրի հետ: Պահել նրան իր տանը չէր կարող, իսկ այն ուշ, գիշերային պահուն դռները բաց անել նրա առջև, այդ ոչ միայն անկարելի էր, այլ իր երկրի հյուրասիրական սովորություններիին բոլորովին հակառակ: Բայց ինչո՞վ հյուրասիրել նրան: Չնայելով որ այն օր ուրբաթ էր, չնայելով որ ուրբաթ օրը ամեն մի հրեայի տնում նախապես պատրաստվում են շաբաթվա բոլոր կերակուրները, իսկ իր տնում ոչինչ պատրաստություն չկար: Ուրեմն, պահելով հյուրին իր տանը, նա պիտի արդարացներ Եսթերի գանգատը, թե հրեաների մեջ ամենահարուստ ամուսինը իր կնոջը քաղցած էր պահում: Այս պատճառով Հարունը շատ ուրախ եղավ, երբ իշխանը հրամայեց նրան հայտնել ծառաներին, որ ձիաները պատրաստեն:
– Միթե իմ տունը արժան չէ՞ ձեզ մի գիշեր անցկացնելու համար, – ասաց նա կեղծ քաղաքավարությամբ: – Այժմ ու՞ր կարող եք գնալ, շատ ուշ է:
– Չեմ կարող մնալ, – պատասխանեց իշխանը:
– Մնացեք, խնդրում եմ… – աղաչում էր Եսթերը այնպիսի մի ձայնով, որ կարող էր ազդել ամեն մի երիտասարդ սրտի վրա:
Հարունը թեքվեցավ և այնպես պարզ փսփսաց կնոջ ականջին, որ բոլորը լսեց իշխանը.
– Դու չե՞ս հասկանում, հիմար, որ հրեայի տունը, հրեայի հացը պիղծ է քրիստոնյայի համար:
– Ես նրա համար մաքուր անկողին СКАЧАТЬ