Название: Դավիթ Բեկ
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
Серия: Столетие геноцида армян
isbn: 9785000649824
isbn:
– Ի՞նչ լուր բերեցիք…
Դավիթը թաքցրեց նրանից, թե Սյուրին, իր աղջիկը, չընդունեց նրան, չկամեցավ տեսնվել հոր հետ: Այդ անպատվությունը կարող էր պակասեցնել Դավթի կշիռը իր խոսակցի աչքում, կարող էր կոտրել նրա համարումը: Դավիթը սովորություն ուներ պարծենալ իր աղջկանով և ամենին ցույց տալ, թե նրա միջնորդությամբ ամեն դժվարին գործ իր ձեռքում հնարավոր էր, որովհետև Ֆաթալի-խանի սիրելի խանումը նրա աղջիկն էր, և ամեն բան անել կտար իր ամենակարող ամուսնին: Սյուրիի հետ չտեսնվելու պատճառը, ասաց նա, տիկնոջ մի փոքր տկարությունն է, որի համար նա ոչ ոքի չէ ընդունում այսօր: Բացի դրանից, ասաց նա, այս գիշեր պատահել է տիկնոջ հետ մի անախորժ դեպք, և հաղորդեց նրա մազերի կտրվելու պատմությունը, ավելացնելով, թե այդ շատ լավ է պատահել, որովհետև դրա համար գուցե կարտաքսվեն խանի հարեմից մի քանի անզգամ կնիկներ, որոնք միշտ նախանձում էին Սյուրիի փառքին: Գալով դահճից ստացած տեղեկություններին, Դավիթը ասաց, թե դահիճը ոչինչ չէ կարողացել հաջողացնել… միայն թաքցրեց, որ արգելառիթը եղել է Սյուրին…
– Դա շատ վատ է… – պատասխանեց ծիրանի մորուքով մարդը և ընկղմվեցավ խորին մտածության մեջ: Նրա բազմահոգ դեմքից երևում էր, որ խնդիրը խիստ ծանր և կարևոր էր, թե շուտով պիտի ոչնչանային ահագին հույսեր, թե այդ հույսերը կախված էին մի պատանու մահից… որը չհաջողվեցավ…
Այդ փառահեղ մարդը Կարմիր վանքի կամ Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլն էր. հայոց հարուստ և ազդեցության տեր իշխաններից մեկը:
– Այդ վատ եղավ… – կրկնեց նա փոքր-ինչ վրդովված ձայնով. – դրանից հետո մեզ ի՞նչ է մնում անել… Ես հույս ունեի, որ Հյուսեինը (դահիճը) կկատարե մեր ցանկությունը… բայց բոլորը ոչնչացավ…
Նա սպասում էր Դավթից ստանալ մի մխիթարական պատասխան, բայց այս վերջինը, չնայելով իր սատանայական խորագիտությանը, այն աստիճան շփոթված, այն աստիճան մոլորված էր մտքով, որ չգիտեր, թե ի՞նչ խորհուրդ պետք էր տալ:
Այդ երկու հայ մելիքները հագնված էին բոլորովին պարսից ավագների ձևով. գլխներին դրած ունեին բուխարայի սև մորթից երկայն գդակներ, հագել էին նուրբ մետաքսից կարմիր գույնով կաբայ (պատմուճան), որ իջնում էր ծնկներից ցած, և նրա վրա կանաչ մահուդից ջյուբբա (վերարկու), որ հասնում էր մինչև գետին: Մեջքները պնդած էին Քիրմանի գույնզգույն շալից հաստ գոտիով: Երկուսի էլ գլուխների մազերը բոլորովին ածելած էին, թեև հայերը սովորություն ունեին ածիլել գագաթի մեջտեղը միայն: Երկուսի էլ մորուքները և ձեռները ներկված էին հինայով: Երկուսն էլ խոսում էին պարսկերեն, երբ սպասավորը ներս էր մտնում և նրանց ղեյլան էր մատուցանում ծխելու համար: Բայց երբ նա դուրս էր գնում, սկսում էին հայերեն խոսել, СКАЧАТЬ