Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 1

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ սլանը, այդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց.

      – Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը…

      – Այդպես պատահեց… – պատասխանեց Ասլանը նույն եղանակով:

      – Հուսով եմ, որ սուրբ աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը…

      – Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից…

      – Ուրա՜խ եմ… – ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության: – Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար:

      – Վատ չէր լինի, – ասաց Ասլանը, – միայն ոչ առանց նախաճաշելիքի: Մենք բավական սոված ենք:

      – Այդ ինքնըստինքյան հասկանալի է, – ասաց վարպետը ժպտալով և դուրս գնաց ընթրիք պատվիրելու:

      Ասլանը ձգվեցավ օթոցի վրա և, բարձի փոխարեն ձախ ձեռքը նեցուկ տալով գլխին, նայում էր առաստաղին, որի մերկ գերանները, հնությունից դեղնելով, ստացել էին մուգ – ծիրանի գույն, իսկ ճանճերը նրանց վրա դրել էին միլիոնավոր սև բծեր: Նա ընկղմված էր մտածությունների մեջ: Առանց մտածությունների չէի և ես: Գալով այդ քաղաքը, թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները: Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ դլուխը, մեջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի:

      – Այդ ի՞նչ է, – հարցրի ես:

      – Կայծեր են… – պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը:

      Բացի կատվից, տանեցիներից ուրիշ ոչ ոք չհայտնվեցավ: Երեխաները, երևի, քնած էին. նրանց ձայնն անգամ չէր լսվում: Իսկ կանայք այդ կողմերում օտար տղամարդի աչքին երևնալու սովորություն չունեին:

      Այգեստանը արժանի էր իր կոչմանը: Քաղաքի այդ գեղեցիկ արվարձանը ծառախիտ այգիների բավական ընդարձակ տարածություն է, բաժանված լայն փողոցներով, որոնց աջ և ձախ կողմերում հոսում են առվակներ, հովանավորված ուռենի և բարդի ծառերով: Դրսից տները չեն երևում. ոչ մի լուսամուտ բացված չէ փողոցի վրա, բացի գլխավոր դռնից, որ ներս է տանում դեպի բնակարանը, որ ետևի կողմից միայն նայում է դեպի այգին կամ պարտեզը: Ամեն մի տուն կենտրոնացված է իր մեջ, ապրում է իր նեղ առանձնական կյանքով: Վարպետ Փանոսի տունը նույնպես այդ ձևն ուներ:

      Սենյակը, որ որոշված էր մեզ համար, տան երկրորդ հարկումն էր գտնվում: Բավական կոկիկ մի սենյակ էր այդ, երևի միայն հյուրերի համար էր պատրաստված: Տան մեջ որքան գեղեցիկ իրեղեններ կային, իբրև զարդարանք, բոլորը դրված էին այստեղ: Պատուհանների մեջ շարած էին զանազան տեսակ չինական և պարսկական ամաններ, ամենահին Ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին: Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով: Կային և բազմաթիվ նարգիլեներ ու չիբուխներ՝ երկայն ծխաքարշներով` հասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված: Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ ու նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային: Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները: Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ` սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար: Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես թվում էր ինձ, հին դարերի գործ պետք է լինեին: Արդյոք ու՞մ պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թաղավորների, իշխանների պատկերներ լինեին, գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում: Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը: Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրանց գեղեցկությունը: Ես թողնում եմ ուրիշ մանր-մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրան շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով: Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարաններ: Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես. մի երիտասարդ, փղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ. շները СКАЧАТЬ