Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 24

Название: Կայծեր Մաս 1

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467079

isbn:

СКАЧАТЬ Շարայի հետ կարող էր ազատ մրցություն անել: Նա, բացի դրանից, ստանում էր կաշառքներ խեղճ աշակերտներից, որոնք ծածուկ տալիս էին նրան մի ամբողջ լավաշ, որ չծեծեր, կամ իզուր չպատժեր նրանց:

      Խալֆա-Թաթոսը կոչվում էր «դպրոցի շուն» առավել այն պատճառով, որ ամենին կծում էր, ամենի վրա հաչում էր, աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսի ձեռքից: Կարոն սաստիկ ատում էր նրան. օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին: Տեսնում ես, հանգստի ժամանակ նա ման է գալիս դպրոցի բակումը կարգ պահպանելու համար. աշակերտները երկյուղածությամբ նայում էին նրա վրա. Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ: Նա ոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց…

      Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու. այդ ժամանակ, ամենավուր սովորության համեմատ, մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի. որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը: Մենք քարե արձանների նման նստած էինք: Խալֆան երկար ճիպոտը ձեռին, փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում: Տիրում էր գերեզմանական լռություն. ճանճի թռչելն անգամ լսելի էր լինում: Կարոն նայեց նրա վրա, և իմ կողքին խթելով, ասաց.

      – Տես Ֆարհատ, այդ ավանակի ականջները եթե կտրես, մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա:

      Վերակացուն, իհարկե, ոչինչ չլսեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆա-Թաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որով դարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը:

      – Չոքի՛ր, – գոռաց խալֆան, ցույց տալով անկյունը:

      Ես պատրաստվեցա կատարել հրամանը:

      – Դու չե՜ս չոքի, Ֆարհատ, – ասաց Կարոն:

      – Ինչո՛ւ, – հարցրեց վերակացուն, ավելի բարկանալով:

      – Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղք չունի, – պատասխանեց Կարոն:

      – Ուրեմն, երկուսդ չոքեցեք, – ասաց վերակացուն, կրկին անկյունը ցույց տալով:

      – Ոչ ես կչոքեմ, ոչ` նա, – պատասխանեց Կարոն վրդովված ձայնով:

      Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով. – դրանք նրա կատաղության նշաններն էին: Չգիտեմ, վերակացուն այլևս ինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից, և մի քանի պտույտներից հետո, ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին… Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա և ողորմելին սկսեց խռխռալ…Հետո թռչելով շնչասպառ Խալֆայի կուրծքի վրա Կարոն ասաց.

      – Տե՛ս, ես այստեղ կչոքեմ…

      Ամբողջ դասատունը հավաքվելով, հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որը այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց:

      Կարոն առանց մի խոսք խոսելու, նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ…

      Ժ

      ԶԵՆՔԵՐ

      Թողնելով դպրոցը, այնուհետև Կարոն վարում էր լի փորձանքներով թափառական СКАЧАТЬ