Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 30

Название: Դավիթ Բեկ

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия: Столетие геноцида армян

isbn: 9785000649824

isbn:

СКАЧАТЬ հետո մի ուրիշ մանկլավիկ տարածեց հատակի գորգերի վրա սեղանի գույնզգույն սփռոցը: Սփռոցը գործված էր Սպահանում և նրա ծոպավոր եզերքի վրա արաբական խոշոր տառերով տպված էին զանազան աղոթքներ ղորանից և այլ գրքերից: Մեջտեղում գունավոր թելերով ասեղնագործած էին հրեշտակների պատկերներ, որոնք ձեռքներին բռնած ունեին փոքրիկ մանգաղներ և ցորենի հասկերից փունջեր: Այդ բոլորը արտահայտում էին խանի կրոնական ջերմ հավատը: Իսկ ավելի ազատամիտ մահմեդականների սեղանի սփռոցը Պարսկաստանում այլապես է պատրաստվում: Ղորանի աղոթքների փոխարեն լինում են Հաֆիսի կամ Սաադիի երգերից գեղեցիկ կտորներ, իսկ հրեշտակների փոխարեն` կիսամերտ աղջիկներ, կամ մշտադալար հյուրիների ու փերիների հրապուրիչ պատկերնր, որոնք կամ պար են գալիս, կամ գինում բաժակներ են մատուցանում քեֆի մեջ ընկղմված մի հեշտասեր տղամարդի:

      Երբ սեղանի սփռոցը տարածվեցավ, մի քանի ուրիշ մանկլավիկներ, գլխների վրա դրած, բերեցին երեք մեծ պղնձե սինիներ§§§, որ սքողած էին թանկագին ծածկոցներով, որոնց եզերքը զարդարած էին ոսկեթել ծոպերով: Սինիներից մեկը դրեցին խանի առջև, մյուսը իշխանի և Ստեփաննոսի առջև, իսկ երրորդը դերվիշի և գլխավոր քարտուղարի առջև: Երբ բարձրացրին ծածկոցները, սինիների վրա տեսնվեցան շարված բազմաթիվ մեծ և փոքր պղնձե պնակներ, լի զանազան տեսակ կերակուրներով, որոնց տաքությունը պահպանելու համար ծածկված էին նույնպես պղնձե կալպակներով: Այդ անոթները իրանց գեղեցիկ քանդակագործություններով, որպես պարսկական արհեստի և ճարտարապետության ճոխ արդյունք, կարող էին ամենանշանավոր մուզեումի զարդարանքը լինել:

      Բայց Թորոս իշխանի ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան. ոչ միայն խանի սինին և նրա կերակուրները բաժանված էին մյուս հյուրերի բաժիններից, – այլ նա նկատեց, որ խանի սինիի ծածկոցի ճոթերը կնքված էին մոմով: Նա առաջ խնամքով նայեց կնիքներին, հետո իր ձեռքով վեր առեց ծածկոցը:

      Իշխանը չկարողացավ իր հետաքրքրությունը զսպել և կասկածավոր կերպով հարցրեց.

      – Այդ ի՞նչ կնիքներ են:

      – Ինչո՞ւ եք զարմանում, – խոսեց խանը ժպտալով, – այն խոհանոցը, ուր պատրաստվում են ինձ համար կերակուրներ, գտնվում է մորս անմիջական հսկողության ներքո, նա սովորություն ունի իր ձեռքով ածել կերակուրները և իր կնիքով կնքած ինձ ուղարկել:

      – Ինչո՞ւ համար:

      – Ինչպե՞ս ինչու համար. կերակուրները կարող են թունավորել:

      – Ովքե՞ր:

      – Կնիկները: Մի՞թե կարելի է նրանց հավատալ, եթե ինձ հետ թշնամություն էլ չունենան, կարող են կաշառված լինել դրսից: Անցյալ տարի փոքր էր մնում, որ ես պիտի մեռնեի, եթե ինձ չազատեր մի թավրիզեցի հայ բժիշկ: Փլավի մեջ թույն էին խառնած, ես կերա առանց զգալու. իսկույն սկսեցին աղիքներս կտրատվել: Այն օրից մայրս արգելեց այդ քածերին իմ խոհանոցը մտնել, և կերակուրների սինին կնքված է ուղարկում ինձ, միգուցե սպասավորները նույնպես չարություն գործեն: Ախար ամենն էլ այստեղ բարի պտուղներ չեն:

      Խանը այնպես հասարակ կերպով էր խոսում իր ընտանեկան գաղտնիքների վրա, կարծես, այնտեղ մի սովորական բան լիներ թունավորելը, սպանելը: Կնիկները, նրա կարծիքով, կյանքի ընկերներ չէին, այլ մի տեսակ անհավատարիմ առարկաներ, որ լավ չէին ծառայում, որոնց վրա հույս դնել չէր կարելի:

      – Հայտնվեցա՞վ թունավորողը:

СКАЧАТЬ