Название: Վարդան Ահրումյան
Автор: Ալեքսանդր Շիրվանզադե
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772466997
isbn:
– Ի՛մս են, ի՛մս են:
Եվ երկու ձեռներով հարձակվեց դրամների վրա, որպես գիշակերը որսի վրա: Մի քանի դրամներ գլորվել էին սենյակի ծայրը: Մարիամը շտապեց նրանց ժողովել և փորձեց իր գրպանը դնել: Վարդանը բռնեց նրա ձեռը և այնպես ամուր խածնեց, որ խեղճ աղջիկը ցավից ճչաց, արտասվեց, ավարը ձեռքից բաց թողնելով:
Աթանեսը փողերը համրեց, դուրս եկավ երեսունինը ռուբլի:
– է, է՜, – ասաց նա, – հիմի մտածենք ինչ պիտի անենք այդ փողերը: Արի, Վարդան, տուր ինձ տոկոսով, մանեթին տասներկու կոպեկ տարեկան: Հա, դու չգիտես ինչ ասել է տոկոս: Լսի՛ր, այս տարի դու ինձ տալիս ես, ասենք հարյուր ռուբլի…
Եվ նա բացատրելով տոկոսի նշանակությունը, ավելացրեց.
– Կարծեմ հասկացար…
– Հասկացա, – պատասխանեց աչքաբաց մանուկը, – ես իմ փողերը տոկոսով չեմ տա: Թափիր դախըլի մեջ, թող ինձ մոտ մնան:
Աթանեսը տուփի կափարիչը նորեն ամրացրեց և պատվիրեց որդուն շարունակել դրամն ավելացնել, ասելով.
– Երբ հարյուր ռուբլու կհասնե, կմտածենք ինչ անել:
Այժմ Վարդանը վազվզում էր փողոցներում, բակերում ու կտուրների վրա: Մարիամն այլևս չէր հսկում նրան և չէր էլ կարող, նա արդեն տասնումեկ տարեկան աղջիկ էր, տեղական սովորությամբ պիտի տանը փակված մնար:
Աթանեսը վարձեց մի լեզգի ծառա, որը պիտի հսկեր Վարդանին: Օրվա մեծ մասը մանուկն անց էր կացնում այդ լեռնականի հետ` խոհանոցում, բակում, թոնրատանը, փողոցներում: Օսմանը – այդպես էր լեզգու անունը – փայտից նրա համար շինում էր խաղալիքներ և երբեմն պատմում էր նրան զանազան դիպվածներ Դաղստանի կյանքից: Վարդանը նստում էր նրա ուսերի վրա և պահանջում, որ իրեն զբոսեցնի: Նա ոտներով անխնա հարվածում էր Օսմանի կողերին, փորին, փոքրիկ մտրակով զարկում էր ուսերին, կրծքին, երբեմն երեսին, երևակայելով, որ ձիու վրա է նստած: Հպարտ լեռնականը ներքուստ վրդովվելով լուռ կրում էր այդ վիրավորանքները քրիստոնյայի զավակից: Եթե չկրեր, պիտի զրկվեր պաշտոնից, այսինքն՝ երեք ռուբլու ամսականից և մի փոր հացից: Նա ինքն էլ հայր էր, ուներ Վարդանի հասակակից մի տղա և երկու աղջիկ, որոնց թողել էր Դաղստանի լեռներում իրենց մոր հետ: Նա հաճախ հիշում էր իր զավակներին և հառաչելով շփում էր կոշտացած ճակատը, որ իր ծննդավայրի ամեհի ժայռերի խորշոմներն ուներ: Երբեմն, հոգնելով փոքրիկ բռնակալին ուսերի վրա զբոսնելուց, բաց էր թողնում նրան հարևան մանուկների շրջանը և ինքը մի կողմ քաշվելով, հսկում էր նրան:
Վարդանը մեծ մասամբ ընկերանում էր այնպիսի մանուկների հետ, որոնք բնավորությամբ հեզ էին և սիրով էին կատարում նրա կամքը, կամ թույլ էին տալիս՝ իրենց հարստահարելու: Նրա ոսկեզօծ գոտին, սատինի բաճկոնը, մանավանդ «ապոյկա» կոշիկները փայլուն անկարուրդներով հարգանք էին ներշնչում ընկերներին, միևնույն ժամանակ գրգռելով նրանց նախանձը: Նա շատ անգամ անպատիժ հայհոյում կամ ծեծում էր մեկին կամ մյուսին. հենվելով Օսմանի պաշտպանության վրա, իսկ երբ մեկը հանդգնում էր իր վրա ձեռք բարձրացնել, աղաղակելով СКАЧАТЬ