Название: Գթության քույրեր
Автор: Մուրացան
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772466812
isbn:
– Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս, – պատասխանեց բժիշկը, – բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ յուրաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և չեք կարող հաճախակի քնացման ենթարկվիլ, առանց վտանգելու ձեր առողջությունը:
– Ուրեմն սկսեցեք, կաշխատեմ համբերել. – ասացի ես:
– Եթե հաստատապես որոշեք, կարող եք համբերել:
– Իհարկե, կարող է, տղամարդ չէ՞, – հարեց մյուս բժիշկը:
– Իսկ ես կարծում եմ, որ պարոնն այդ դեպքում ոչ միայն համբերություն, այլև օրինակելի արիություն ցույց կտա, – խոսեց գթության քույրը` գեղանի աչերն ինձ վրա հառելով:
– Կաշխատեմ… – ասացի ես և նրա քնքուշ հայացքն ու ժպիտը, կարծես, ուժ տվին ինձ ամեն տեսակ տանջանք անտրտունջ կրելու:
Առաջին անգամից իսկ, երբ իմ թևը բացին և սկսեցին նրա վերքերը լվալ, ես զգացի, արդարև, սաստիկ սուր ցավեր: Դրանք անտանելի դարձան, մանավանդ, երբ փորձեցին մի երկու տեղ պատռվածքը կարել: Եվ, սակայն, զարմանալի է, այդ ցավերը չէին թափանցում սիրտս այնպես շեշտակի, ինչպես այդ լինում էր առավոտը, երբ առաջին անգամ էին թևս կապկպում: Ես մտածում էի թե` գուցե սիրտս ամրացել է մի քանի ժամվա ընթացքում: Բայց շուտով պարզվեց, որ այդ չէ պատճառը, այլ այն` որ գթության մանկամարդ քույրը յուր սիրուն աչերն ինձ վրա սևեռած` ամեն անգամ, երբ ես ցնցվում էի ցավից, կամ դեմքիս տանջանքի նշան արտահայտում, ինքն էլ ինձ հետ, կարծես. տանջվում էր յուր ներսում, մերթ անուշ ժպիտը դեմքից վանելով, մերթ նրան կսկիծի ստվեր խառնելով… Ահա, հենց այդ պատճառով ես աշխատում էի արիանալ և չզգալ այն ցավերը, որոնք պատճառում էին ինձ բժշկի մատների յուրաքանչյուր շարժումը, սպունգի լվացումը, դարմանի հպումը, որպեսզի գթության մանկամարդ քույրն ևս չտանջվեր ինձ հետ:
Թե ա՞յդ միտքն էր, իսկապես, իմ ցավերի դեմ ինձ արիացնողը, այդ բանին ես համոզվեցա, երբ գթության քույրը, մի ինչ-որ դեղ բերելու համար, հեռացավ մեզնից մի քանի վայրկյան: Իմ ցավերն, այդ ժամանակ, կարծես, սաստկացան, մինչդեռ երբ նա դարձավ, նորից սկսան հանգստանալ: Եվ սակայն դա իսկապես, հանգստություն չէր, այլ համբերելու համար գործ դրված ուժի մի տեսակ լարումն, որ դյուրացնում էր տոկալը և, հետևապես, թեթևացնում ցավը:
Բժշկապետն յուր գործը ավարտելուց հետո, գովեց իմ արիությունը և ասաց որ ինձանից նա չէր սպասում այդքան համբերություն:
– Եթե այդպես շարունակվի մեր գործը, – ավելացրեց նա ժպտալով, – հուսով եմ որ շատ շուտով կվերադարձնենք ձեզ ձեր գործարանը` նորից փորձեր անելու:
Հետևյալ լվացումն ու դարմանադրությունը նույն ձևող անցավ, ինչպես և առաջինը: Գթության քույրը դարձյալ դիմացս էր, ուստի տանջանքի զգացում չցուցի, չնայելով որ այս անգամ դարձյալ մի կարվածք անելու փորձն ևս ավելացել էր:
Բայց երրորդ անգամին այնպիսի կսկիծ ու տանջանքներ կրեցի, որ սիրտս ուղղակի թուլանում էր ցավից և ես չէի կարողանում զսպել ինձ` որ չճչամ, կամ СКАЧАТЬ