Название: Գթության քույրեր
Автор: Մուրացան
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772466812
isbn:
Երբ սովորական հարց ու պատասխանից պարզվեցավ, որ երեքս էլ գնում ենք Վարշավ, ուրեմն և երկար պիտի ուղեկցենք իրար, լեհացին դառնալով ընկերին` ասաց.
– Այժմ կարող ես պատմությունդ շարունակել, մեզ ոչինչ այլևս չէ խանգարելու:
– Իսկապես, շարունակելու շատ բան չէ մնում, պետք է միայն ավարտել, – նկատեց ռուսը:
– Ուրեմն ավարտել, – հարեց լեհացին:
– Ամենայն սիրով, համաձայնվեց ընկերը և դառնալով ինձ` ասաց. – սա մի պատմություն է, որ ես սկսել էի դեռ կայարանում, գնացքն այդտեղ հասնելուց առաջ:
– Հաճությամբ կլսեմ և ես, եթե թույլ կտաք, – հարեցի ես:
– Օ՛հ, ես այնպես բարձր եմ խոսում, որ ինձ ամենքը կլսեն, նույնիսկ, եթե թույլ չտամ, – ասաց ռուսը ծիծաղելով. – բայց խնդիրն այն է` որ դուք շարունակությունից քիչ բան պիտի հասկանաք:
– Ինձ բավական է, նույնիսկ վերջաբանը, – ասացի կատակով:
– Ուրեմն լավ գուշակո՞ղ եք, – հարցրեց խոսակիցս:
– Նայելով թե` ինչի մասին է պատմությունը:
– Ինչի՞ մասին կարող է լինել երիտասարդների պատմությունը, իհարկե, սիրո:
– Է՛հ, սերը միայն մի պատմություն ունի, – նկատեցի ես:
– Ինչպե՞ս, ուրեմն ես կարող եմ, նույնիսկ, չպատմե՞լ եթե դուք արդեն լսել եք այդպիսի մի պատմություն:
– Ընդհակառակը, դուք կանգ եք առել հենց վերջի վրա. իսկ սիրո պատմությունները, որքան էլ իրար նման, այսուամենայնիվ, ունենում են հետաքրքրական վերջաբաններ:
– Բայց, երևակայեցե՛ք, որ իմը չունեցավ այդպիսին:
– Այսուամենայնիվ, մի վախճան հո ունեցա՞վ, – հարցրեց լեհացին:
– Այո, վախճանը եղավ այն, – հարեց ռուսը, – որ ծնողները մերժեցին ինձ:
– Մերժեցի՞ն:
– Բացեիբաց:
– Պատճա՞ռը:
– Շատ պարզ էր. իրենք հարուստ էին և ազնվատոհմ, իսկ ես` աղքատ և ապատոհմիկ: Նրանց աչքում, իհարկե, նշանակություն չուներ այն` որ ես զարգացած ու բարեկիրթ մարդ էի և ապրում էի իմ արդար վաստակով. բայց նշանակություն ուներ այն` որ ես ծառայող էի: էհ, ինչպե՞ս կարող էին Միրովիչների պես մարդիկ կապել իրենց աղջկա բախտը մի աննշան աշխատավոր Սաբորինի հետ: Այսպես մտածեցին նրանք և խնդիրս մերժեցին:
– Հետո ի՞նչ եղավ:
– Հետո եղավ այն, ինչ որ չէին կարող սպասել: Օրիորդը բացարձակապես հայտարարեց ծնողներին թե` «որովհետև դուք մերժեցիք իմ ձեռը այն երիտասարդին, որին ես սիրում էի, ուստի ես էլ այսուհետև կմերժեմ բոլոր նրանց, որոնց դուք ինձ համար կառաջարկեք փեսացու և կդատապարտեմ ինձ մշտական կուսության»:
– Հետո՞:
– Հետո, էլ ոչինչ. օրիորդը հաստատ մնաց յուր որոշմանը: Նույնիսկ այն օրերը, երբ ես գտնվում էի Վարշավ, նա մերժեց առաջարկությունը երկու այնպիսի անձանց, որոնք հայտնի էին քաղաքում թե իրենց դիրքով և թե հարստությամբ: Երբ նա այդ մասին զեկուցեց ինձ նամակով, ես ապշեցա: Ոչ մի օրիորդ քաջություն չէր ունենալ նման առաջարկություններ մերժելու: Այնուհետև ես հեռացա Վարշավից` ուխտելով` հետևել իմ սիրեցյալի օրինակին:
– Մնալ միշտ ամուրի՞:
– Այո … և հոգվով միացած իմ Մարիի հետ:
– Այդ մեկն իզուր է. քեզ խորհուրդ եմ տալիս, որ հենց այսօրվանից, երթ մենք կմտնենք Վարշավ, ընտրես քեզ համար մի նոր հարսնացու, – ասաց լեհացին ժպտալով:
– Երբեք, իմ ուխտը հաստատ է այնպես, ինչպես և իմ սիրեցյալինը, – բացականչեց Սաբորինը, ինքն յուր խոսքից ոգևորվելով:
– Քոնը, գուցե, հաստատ է, բայց սիրեցյալդ կդրժե յուր ուխտին:
– Անկարելի է: Նրա վերջին նամակը այլևս կասկածելու տեղ չէ թողում: Նա ինձ գրում է թե` որոշել է` ծնողների թախանձանքից ընդմիշտ ազատվելու համար մտնել գթության քույրերի «Սուրբ երրորդության» միաբանական կարգը:
– Նա այդ չի անիլ:
– Կանե. նա կամքի տեր աղջիկ է, – պնդեց երիտասարդը ջերմությամբ:
– Հավատացեք, աշխարհում չկա կամքի տեր աղջիկ և չի կարող լինել. որովհետև աղջկա կամքը գտնվում է միշտ այն տղամարդի ձեռքին, որին նա սիրում է: Իսկ եթե բարեբախտաբար, կամ դժբախտաբար, չէ սիրում ոչ ոքի, ապա նա նմանում է անղեկավար մի նավի, որին քամին տանում է, ուր որ կամենում է: Այդ դեպքում, առաջին պատահած ձեռքը, եթե միայն ուժ ունի, կքաշե նրան յուր ետևից և սա երբեք չի մտածիլ` դեպի խո՞րն է գնում, թե՞ դեպի ժայռերը:
– Այդպիսի կարծիքները, որքան կամենաք, կարող եք այժմ կարդալ կանանց ազատագրության դեմ խոսող գրքերում: Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ դրանց հեղինակները չեն ճանաչել կանանց այնպես, ինչպես որ պետք է և շատ բան գրել են ավելի կրքից դրդված, քան թե ճշմարտություն ասելու մտքով:
– Իզուր ես կարծում թե քեզ հետ խոսողը մի հնավաճառ է, – նկատեց СКАЧАТЬ