Название: Ժառանգներ
Автор: Ատրպետ
Издательство: Автор
Жанр: Современная зарубежная литература
isbn: 9781772466843
isbn:
– Ջահել տղերքը խոստացան սարայիս ընդունարանի համար մի մեծ թաղիք թափելու, դու էլ գեղի հարս-աղջիկները հավաքիր և մի այնպիսի խալի պատրաստիր, որ ամբողջ սենյակի հատակը ծածկե: Շատ մեծ չէ, երկայնությունը տասներեք արշին, լայնությունը յոթ արշին: Բայց այնպես գեղեցիկ բան պիտի լինի, որ վալիի սարայում էլ նմանը չգտնվի: Ուշացնելու չէ, պիտի այս շաբաթ սկսես, որ ժամանակին հասնի:
Անթառամը չգիտեր ի՞նչ պատասխան տալ անօրենին: Նա յուր որդու` Արտաշի, ականջում ասաց, որ բեգին հայտնի, թէ շուտով գյուղացիք յայլա էին գնալու, այդ բանը հետաձգելու էր մինչև ձմեռ: Իսկ Քյալաշը որդու խոսքը ընդմիջեց և կնոջ կողմից խոստացավ բեգին, որ հրամանը անպատճառ ժամանակին կկատարվի: Անթառամը, Քյալաշի սպառնալիքներից ստիպված, հավաքեց յուր շուրջը հարս-աղջիկ և ամառանոցում կաթնային գործերը կատարելուց հետո, մնացյալ ժամանակը զբաղվում էին թելեր մանելով, ներկելով, հինելով և գործելով: Թշվառ կանայք այնքան զբաղված էին, որ մայիսի մեջ երկնքի առատապես շնորհած պարգևը հավաքելու ժամանակ չէին գտնում, որով գոնե կարողանային ձմեռը, մեծ պասին կերակրել իրենց կաթնակերներին:
Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը: Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներով չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը: Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դռներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել: Ո՞ր ջինգյանան չէ հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ազդրը զարդարելու: Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները: Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերերին:
– Քյալա՜շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՜ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր-ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը:
– Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել: Այնտեղ ինչ որ պետք է կգտնես:
– «Կգտնե՜ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ` մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում:
– Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք: Տիրեց խորհրդավոր լռություն, երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով: Ո՜չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՜չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել: Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ-ուրախ կանչեց.
– Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՜ր, Մատոլին էլ ասա պատրաստվի:
– Ո՞ւր ես մտադիր գնալու, – ասաց Քյալաշը:
– Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՜ր ճանապարհը որ բռնե: Հա՜, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ…
– Քեզ փեշքյաշ, Սուլո՜, գնա՜ թամբիր, – թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր: Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ СКАЧАТЬ