СКАЧАТЬ
Հը՞ն, հանգստացա՞ր, հիմա կարո՞ղ ենք հանգիստ խոսել… – Դու իսկապե՞ս կաս, ես խելագարվա՞ծ չեմ, չէ՞: – Ո՛չ, խելագար չես, բայց սկսում եմ մի քիչ կասկածել, – կիսածիծաղով պատասխանեց նա: Ես էլ սկսեցի ծիծաղել: Երկուսով քահ-քահ ծիծաղում էինք, իսկ թե ինչի՞` միայն նա գիտեր: Գուցե խելագար թվամ նաև ձեզ, բայց շարունակում էի խոսել նրա հետ, անգամ մոռացել էի միջադեպի մասին, չէի գիտակցում, թե այն ֆիզիկապես գոյություն ունեցողը ի՞նչ էր զգում, ինչպե՞ս էր, արդյո՞ք հետևել էր ինձ: Ճիշտն ասած չէի գիտակցում ոչինչ, ժամանակ էլ չկար պահից դուրս այլ բաների մասին մտածելու: Արդեն կեսգիշեր էր, երբ խոսելով ճամփա ընկանք դեպ այն տունը, որտեղ ժամանակ առ ժամանակ սեռական ցանկություններս էի բավարարում: Հարմարվել էի` ինձ խելագար չէի համարում, սկսել էի զգալ նրա անգոյ գոյությունը: Քայլում էինք խոսելով, վիճելով ու պահն եկած ժամանակ ծիծաղելով: Քայլում էինք դեպ տուն` քավարան, բնազդարան, չգիտակցված կրքերի բավարարան: Աչքերս բացելուն պես` թվաց, թե ոչինչ էլ չի թվում: Դու սպառված ոլորվել էիր սավանիս` մուգ սպիտակ, ձգվածքին ու ագահաբար կլանում էիր, հենց նույն սավանից անջատված, փոշեհատիկները: Նրանց թվում էր` արդեն ազատվել են գործվածքի ճաղերից ու կարող են ազատ սավառնել օդում: Զգում էի մոլեկուլներիդ բաբախը` միախառնված հանգստության, պատրանքի, սթրեսի, բավարարվածության, վախի, երջանկության ու նմանատիպ անիմաստ ու անպետք շատ երևույթների նոտաների հետ: Հարցրեք ինձ` ինչպե՞ս թե անիմաստ, մարդկանց կյանքն առանց դրանց կյանք չէ, առանց դրանք զգալու` մարդն անիմաստ է ապրում` գոյատևում է, իսկ ես հստակ կպատասխանեմ հարցին` դուք ճիշտ կլինեք այն դեպքում, երբ մարդիկ սկսեն վայելել այդ երևույթները` բացեիբաց արտահայտելով դրանք, հակառակ դեպքում` անիմաստ է դառնում անգամ իմաստավորը: Ձեռքս մոտենում էր մարմնիդ բաբախին` ցանկանալով վերացնել անիմաստը, որը միայն խանգարում էր պատրանքի իրականացմանը: Արդեն զգում եմ տաք մարմինդ` հազարավոր նյութերով` քրտինքով շաղախված, զգում եմ բույրդ` օծանելիքի, իմ, քո, օդի, փոշու, սենյակի, բակի, աշխարհի, տիեզերքի ու անգամ անհայտ, բայց ինձ համար հայտնի անսահմանության յուրահատուկ խառնուրդը: Երբ փորձեցի անցնել հստակ գործողությունների, հասկացա, որ չկար անգամ այն, ինչն ինձ թվում էր, որ չի թվում…
Հիմա արթուն եմ. դու ուղղակի փռված ես կողքս, շնչում ես ինչպես միշտ հասարակ` ներշնչել, արտաշնչել: Զգում եմ սրտիդ զարկերը` հավասար ու հավասարազոր: Չկա ոչ մի արտառոց բան: Սա է կյանքն` ավտոմատ գործողությունների շարան, միթե՞ անիմաստ ու գունազուրկ չէ այն, ինչն արդեն վաղուց ծրագրված ու պարտադրված է` պետք է շեղվել շարանից ու արկածներ փնտրել… Ձեռքս վրադ է` սահում է քրտնած մարմնիդ վրայով: Քո բույրն արդեն խեղդում է: Ուզում եմ բացել պատուհանը, որ թոքերս մի կում թարմ օդ ներարկեմ ու գոռամ, գոռամ, որ թվացյալը չթվա: Մոտենում եմ պատուհանին ու բացում…
Վե'րջ, հիմա, հաստա'տ, արթուն եմ. սենյակում մենակ եմ: Օդը շատ ծանր է` արբած ծխախոտի, ալկոհոլի ու արտաշնչած ածխածնի բույրերով: Դու չկաս` մենակ եմ… Չկա մարմինդ, բույրդ, շունչդ: Պապանձվել եմ, պապանձվել ինչպես, ներհրման ժամանակ պատահաբար սեղմված, հեշտոցը. երբ ցանկանում ես հաճույք ստանալ, հասնել հեշտանքի, բայց գիտակցում ես անելանելի դրությունը, չես հասկանում` լարվածությունի՞ց է, թե՞ ուղղակի ֆիզիոլոգիական անհասկանալի իրավիճակ է…