ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 8

СКАЧАТЬ style="font-size:15px;">      ««– Է՜… է՜…է, կրակ էինք անում, շուրջը նստոտում, մինչև կես գիշեր զրույց անում, հեքիաթ ասում, որը չիբուխն էր զոռ տալիս, որը քնում էր… քեռի Եզեկն էլ շվի էր ածում…«»։

      – Ի՞նչ ասեմ… Օհանեսի հետ էնքան ենք ընկերություն արել։

      Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։ Մաքուր մարդս, կասեր Օհաննեսը, միշտ էլ մաքուր տեղից ջուր կխմի։ Պախրի պես մաքուր մարդ էր Օհաննեսը… Էնքան եմ շվի ածել իրա համար… շատ էր սիրում…

      Պատմում են ծերունիները, և դու տեսնում ես, որ Թումանյանը նրանց համար կենդանի մարդ է, նստում-վեր են կենում՝ նրանից են խոսում, նրանից մեջբերումներ են անում, Թումանյանն այստեղ երեխանների հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ։

      Տասներեք տարեկան է եղել, որ հայրը նրան տարել է Թիֆլիս։

      Թումանյանի մայրը, քույրերը, եղբայրներն ու մոտիկ հարևանները մինչև Ձաղի ձորը գնացել են, ճանապարհել նրան։ Մայրը, տղային հրաժեշտ տալուց հետո, տուն է եկել ու լաց լինելով ասել է. ««Տղիս տարան»»։ Նա չէր ուզում, որ իր ««քյորփա էրեխեն են անիրավ աշխարհն»» ընկնի։ Թումանյանն իր ուղևորության մասին հետագայում գրում է ««Գիքորում»». ««Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը…«»։

      Իր հայրենի սարերից, աղբյուրներից, լեռներից գնացել է Թումանյանը, բայց հոգով ու սրտով իր սարերում ու լեռներում է եղել, աղբյուրների մոտ։ Ուր էլ եղել է, կարոտ-աչքի առաջ Դսեղն է եղել, Դսեղի հերանց գնացող արտերը.

      Կլթացնում են, արտորում,

      Արտույտները արտերում, —

      Թռչում մանուկ հագուս հետ,

      Ճախրում, ճըխում եթերում։

      Հիշել է «„վես ու վիթխարի լեռների“» շուրջը տարածված անտառները, կարոտել.

      Ո՞վ է ձեռքով անում, ով,

      Հեռվից անթիվ ձեռքերով.

      – Ջան, հայրենի անտառներ,

      Դուք եք կանչում ինձ ձեր քով։

      Հիշել է անգամ մանկության կենդանիներին. «„Իբրև հին կարոտ մտերիմների, հիշում եմ պոզատ գոմեշը՝ Նազլուն, Ծաղիկը (կով), Չերքեզը, Աբրաշը (եզներ), Թոբլան շունը, Ղայթարը (շան անուն), իմ պապոնց, մեր Մարինոս էշը, Ղռատ ձին…“»

      Ես գիտեի, լսել էի, որ Դսեղից վերև, անտառի մեջ կա մի լճակ, որին դսեղցիները անվանում են «„Ծովեր“» և, որ Թումանյանը շատ է սիրել «„Ծովերը“»։ Դեռևս 1922-ին նա դիմել է հողժողկոմ Արամայիս Երզնկյանին, խնդրել, որ «„Ծովերի“» մոտ գրողների հանգստյան տուն կառուցեն։

      – Կուզենայինք տեսնել Ծովերը, – ասում եմ Արմենուհի Թումանյանին։ Արմենուհին մի պահ նայում է ինչ-որ կետի, հետո ժպտալով ասում է։

      – Խնդրեմ։ Թումանյանն այնտեղ շատ է եղել։ Գնանք։

      Գյուղամիջով քայլում ենք։

      – Այստեղ մի մարդ է ապրում, որի հարսանիքին Թումանյանը քավոր է եղել։ Մտնե՞նք։

      Բակում նստած էին «„հարսն“» ու «„փեսան“»։ Ծերունին գլուխը քաշ, տեր-ողորմյա էր քաշում, պառավը՝ ձեռքերը ծնկներին (ասես նկարվում էր), նայում էր ճանապահին։

СКАЧАТЬ