Название: ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449061911
isbn:
– Մի նայիր, Լեո, տես՝ ի¯նչ անուշիկ հայացք ու գայթակղիչ կազմվածք ունի, ինչպիսի կրքահարույց ու կանչող ոտքեր, – ասաց Արմենը, – բա բնավորությունը: Ասես քաղաքի աղջիկ չլինի՝ դյուրահավատ, ոնց որ երեխա:
– Կներեք, բայց ես կուզենայի գնալ, – հասնելով սեղանին ու կրկին նստելով իր տեղը, մեղավոր տեսքով ասաց Ռենան, նայելով մեկ ինձ, մեկ Արմենին: – Արդեն ուշ է, խնդրում եմ: Շնորհակալ եմ, մերոնք…
– Հիմա, Ռենա ջան, ես ու Լեոն մի ուղեթաս էլ խմենք՝ գնանք, – ընդհատեց Արմենը:
Բաժակները լիքն էին, Արմենը բարձրացրեց բաժակը:
– Առաջին հանդիպումն էր այսպես խմբովին, տա աստված՝ վերջինը չլինի: Մարգարիտա, վերցրու բաժակը:
– Ես այլևս խմել չեմ կարող, – օրորվեց Մարգարիտան, հենվելով Արմենի ուսին: – Ռուսաց թագավոր Պետրոս Մեծն ասել է. «Օղի չի կարելի քիչ խմել, բայց շատ նույնպես չի կարելի խմել»: Ես այլևս չեմ խմի: Բայց, ի լրումն քիչ առաջ իմ ասածի, ավելացնեմ, որ կա միայն ու միայն մի տղամարդ, որից, համենայնդեպս այսօր, ես ինձ կախված եմ զգում, և դա խելացնոր կերպով ուրախացնում է ինձ… Որպես գաղտնիք ասեմ, որ Արմենն է այդ տղամարդը, և ես խոստանում եմ մինչև վաղը հավատարիմ մնալ նրան, – ծիծաղելով ավելացրեց Մարգարիտան: – Անչափ ու անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ ծանոթության համար, անմոռանալի երեկո էր, բայց, հազար ափսոս, որ այլևս խմել չեմ կարող:
Մենք խմեցինք: Մարգարիտան հրաժեշտի համբույրներ բաշխեց բոլորիս և, կոնքերը ցուցադրաբար ճոճելով, գնաց ընկերուհիների կողմը:
– Ես նույնպես շնորհակալ եմ, իրոք, հաճելի երեկո էր, – վեհերոտ ժպիտով ասաց Ռենան: – Հուսով եմ, որ Լեոի ծննդյանը նույնպես կհրավիրեք, – նա նայեց ինձ, բոսորով բռնկված շուրթերի բացվածքում շողացին ատամները: – Հույս ունենա՞մ, թե՞ կմոռանաք:
– Որպեսզի չմոռանանք՝ պայմանավորվենք հենց հիմա, – ասացի ես: – Վաղը ժամը չորսի մոտերքը ես սպասում եմ Արմենի զանգին: Հրավիրում եմ «Գյուլիստան»: Դուք եղե՞լ եք այնտեղ:
– Ոչ:
– Նոր, շքեղ ռեստորան է՝ բազմաթիվ սրահներով: Արմենը նույնպես, հավանաբար, չի եղել:
– Չէ, չեմ եղել, – արձագանքեց Արմենը՝ վառելով սիգարետը:
Մեր սեղանին մոտեցավ սև կոստյումով, փողկապով, թիկնեղ ու հաստափոր մի տղամարդ:
– Ամեն ինչ կարգի՞ն է, – հետաքրքրվեց նա սիրալիր ժպտալով: – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան:
– Ռաուֆ Ալիևիչ, արի մի բաժակ խմիր մեզ հետ: Կոնյա՞կ, թե՞ օղի:
– Ո՛չ կոնյակ, ո՛չ օղի, – Ալիևիչը ձեռքերը խաչեց կրծքին: – Շնորհակալ եմ, չեմ կարող, գործի ժամանակ՝ ոչ մի կաթիլ, սա օրենք է:
– Ռաուֆ Ալիևիչը ռեստորանի մետրդօթելն է, – բացատրեց Արմենը, հետո ներկայացրեց մեզ:
– Ուրախ եմ, շատ ուրախ եմ, – քաղաքավարությամբ գլուխ տվեց Ռաուֆ Ալիևիչը: – Տեսնո՞ւմ եք, ոչ մի ազատ տեղ չկա: Միշտ այսպես է, բայց ձեզ համար տեղ, իմացած եղեք, որ կճարվի: Համեցեք:
Ռենայի հետ իջանք առաջին հարկ, այնտեղից՝ փողոց, որը շողշողում էր նեոնային լույսերից:
Կանաչ լույսերը վառած, իրար ետևից ազատ կանգնած էին տաքսիները:
Քիչ հեռվում, ափամերձ զբոսայգուց այն կողմ, երևում էր ծովը՝ СКАЧАТЬ