Название: Առաքյալը
Автор: Մուրացան
Издательство: Aegitas
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772468205
isbn:
Զ
Դեռ այս մտքի վրա էր Կամսարյանը, երբ հանկարծ նրա հետևից հնչեց մի թավ ձայն.
– Տո, Պե՛տո, դեռ ա՞յստեղ ես, իսկ ես կարծում էի թե Մասիսն արդեն անցել ես:
Պետրոսը ետ նայեց և տեսավ մեկին այն ընկերներից, որոնք ուսանողական ժողովում լսելով յուր խոստումը, դղրդացրել էին օդը կեցցեներով և իրեն բարձրացրել ձեռքերի վրա:
– Գնում եմ, բա՛րեկամ, գնում եմ, – պատասխանեց նա կարծես շփոթվելով և արագ տեղից ելավ:
– Ճշմարի՞տ, թե՞ կատակ ես անում, – հարցրեց երիտասարդը պարզելով ձեռքն ընկերին:
– Իհարկե ճշմարիտ, կատակ ինչո՞ւ եմ անում:
– Եղբայր, մեծ մարդ ես, խոստովանում եմ. բայց ե՞րբ:
– Շուտով, հենց այս քանի օրը:
– Ուրեմն, պատրաստությունդ տեսե՞լ ես:
– Արդեն: Կամենո՞ւմ ես, արի` ցույց տամ:
– Հապա, տեսնենք, հետաքրքրական է, – ասաց երիտասարդը և հետևեց Պետրոսին:
Առաջնորդելով ընկերին յուր սենյակը, Պետրոսն սկսավ մի մի ցույց տալ նրան այն ամենը, ինչ որ գնել էր գյուղ տանելու համար:
– Ամենից առաջ տե՛ս այս թամբը, հունգարական է, բոլորը խոզի կաշվից. 60 ռուբլի արժե. սանձը, ասպանդակները մաքուր պողպատից:
– Այդ ինչո՞ւ համար է:
– Ի՞նչպես թե ինչո՞ւ. գյուղերը չի՞ պիտի պտտեմ. միշտ հո մի տեղ չեմ մնալ:
– Իսկ ձի՞ն:
– Ձին էլ այնտեղ կգնեմ, այստեղից հո չե՞մ տանելու, ի՞նչ ավելորդ հարց է:
– Հասկացա. հետո՞:
– Սա էլ հրացանս. ամերիկական նոր տեսակի, երկփողյա. յուր բոլոր պարագաներով արժե 120 ռ.:
– Այդ ինչո՞ւ համար է, ավազակնե՞ր պիտի հալածես:
– Ի՞նչ ավազակներ, ինչեր ես հարցնում. որսորդության չի՞ պիտի գնամ. բոլոր օրը հո պարապելով չե՞մ անցցնելու. մի մի անգամ էլ զվարճություն է պետք. – այս էլ պայուսակս, բոլորը կաշվեկար պղնձե օղակներով, թամբի վրա հարմարեցնելու համար. – այս էլ դաշտային հեռադիտակ. միշտ հարկավոր է լինում. – այս էլ կողմնացույց…
– Կողմնացո՞ւյց. այդ ինչի՞ համար է. ծովերի վրա՞ պիտի թափառես:
– Ախ, ի՛նչ ապուշն ես: Տո, չի՞ պատահիլ, որ անտառներում պտտելիս հանկարծ մոլորվեմ. այ, հենց այդպիսի ժամանակ կողմնացույցը կարող է ինձ ցույց տալ թեի՞նչ ուղղություն բռնեմ, ո՞ր գյուղը դուրս գամ:
– Այդ հո բոլորը քեզ համար ես հոգացել, գյուղացիների համար ի՞նչ ես տանում:
– Սպասի՛ր, նրանց համար էլ կա, տեսնո՞ւմ ես… – այս ասելով Պետրոսը ցույց տվավ սեղանի վրա գտնվող գրքերի մի կույտ և նրանցից մի-մի հատ առնելով,շարունակեց.
– Ա՛յ, «Полный курс охоты» Маркса-Манн. սա՛ էլ ասենք ինձ համար է, բայց գյուղացիներին էլ կհարկավորվի: Չէ՞ որ որսորդության մասին ևս կարող եմ խորհուրդներ տալ նրանց: – «Ляговая собака» – Фридриха Освальд. սա նույնպես կարևոր գիրք է որսորդական շներ վարժեցնելու համար:
– Այ մարդ, դու կարծում СКАЧАТЬ