Название: Կայծեր Մաս 2
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467086
isbn:
Ես չգիտեի ինչպես ընդունել այդ վայրենի փաղաքշանքը: Ես սաստիկ բարկացա, մանավանդ երբ տեսա, որ սիրուն աղջիկը ձեռքով աչքերը բռնեց և ծիծաղելով փախավ մյուս սենյակը: Ես իմ մտքում արդեն սկսել էի տրտնջալ վարպետ Փանոսի վրա: Ինչո՞ւ այստեղ բերեց մեզ, մի՞թե ամբողջ գյուղում մի օրինավոր տուն չկար: Բայց Ասլանի դեմքի վրա դժգոհության նշաններ չէին երևում:
– Աղջի՛, – դարձյալ ձայն տվեց նա, – մի բան պատրաստեցեք դրանք ուտեն, ճանապարհից են գալիս, քաղցած կլինեն:
Նրա ձայնը ավելի որոտում էր, քան թե խոսում էր:
– Ճանապարհից եկած հյուրերի նախ ձիերին են կերակրում, – նկատեց վարպետ Փանոսը:
– Այդ որ իմանում ես, դե՛ վեր կաց, ահա՛ այնտեղ խոտ է դրած, տար ածիր ձիերի առջևը, – պատասխանեց նա խոտի դեզը ցույց տալով: – Տեսնում ես, որ ծառաները տանը չեն:
Վարպետ Փանոսը գնաց ձիերին ճարակ տալու: Նա դարձավ դեպի Ասլանը.
– Զարմանալի մարդիկ են այդ քաղաքացի կոչվածները, սովորել են միշտ գյուղացուն բանեցնել, իսկ իրանք հանգիստ նստել:
Մեր հյուրընկալին կոչում էին Բերզեն-Օղլի, որ նշանակում է հույնի որդի է: Նա ազգով հայ էր և նույն գյուղացի, բայց երկար ժամանակ Հունաստանում ապրելով, և Բալկանյան թերակղզու վրա թափառելով, այդպիսի անուն էր ստացել: Տեսնելով նրան, ես մտաբերում էի «Գժին», բայց բարեսիրտ, սրտաբաց և ուղղախոս քահանայի և կոպիտ նավավարի մեջ այն զանազանությունը միայն կար, որ վերջինս սաստիկ մաղձոտ և դառնացած էր երևում ինձ: Գուցե աստանդական կյանքը, անհաջողությունները և ինձ անհայտ հանգամանքներ` նրա բնավորությանը տվել էին այդպիսի կոշտ, կոպիտ և մթին հատկություններ: Մի՞թե ծովի, դեղածիծաղ ալիքների, լուսընկա գիշերների հետ միշտ գործ ունեցող մարդը, մի՞թե ծովային զեփյուռի քաղցր մեղեդին միշտ լսող մարդը կարող էր այդպես մաղձոտ լինել…
– Դուք եղա՞ք Մոնտենեգրոյում, – հարցրեց Ասլանը:
– Եղա և՛ Մոնտենեգրոյում, և՛ Սերբիայում, և՛ Բոլգարիայում…ամեն տեղ եղա… – պատասխանեց նա տխուր կերպով:
Ասլանը ժպտաց:
– Ինչո՞ւ եք զարմանում, վանեցին ո՞ւր չէ գնում. աշխարհի բոլոր անկյուններում կարելի է տեսնել նրան: Մեկը Հնդկաստանում տեսել էր մի կաղ վանեցի և ծիծաղելով ասել էր. «Եթե վանեցու կաղը մինչև Հնդկաստան է հասել, ոտներ ունեցողը Չինաստանից էլ կանցնի»: – Այդպես է մեր վիճակը:
Վաղ առավոտյան դուրս գալով Այգեստանից, մենք մի թեթև նախաճաշիկ էինք արել: Ասլանը թեև ուտելու ցանկություն չուներ, բայց ես մի առանձին ախորժակով էի նայում սեղանի վրա, որ մանկահասակ աղջիկը սկսել էր պատրաստել: Դա, որպես երևում էր, մեր հյուրընկալի դուստրն էր. բայց ո՞ւր էր նրա մայրը: Այդ կողմի շինական կանայք սովորություն չունեին` քաղաքացոց նման ծածկվել տղամարդերից, այլ երեվում էին և մինչև անգամ խոսում էին օտարների հետ: Գյուղացոց մեջ մնացել էր այդ պարզությունը: Բայց ինչո՞ւ չէր երևում մեր տանտիկինը: Այդ մասին հյուրերից ոչ ոք չհարցրեց և ոչ ինքը, տան տերը, մի բան ասաց: Սեղանը գյուղական պարզ սեղանից ավելի համադամ և ճոխ էր, տարակույս չկար, որ վարպետ Փանոսը այդ մասին նախապես առանձին հոգ էր տարել:
Ճաշից СКАЧАТЬ