Название: Կայծեր Մաս 1
Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772467079
isbn:
Պատահում էր, մեր թաղում մկրտություն էր լինում կամ թաղում. այն օրը վարժապետիս համար հարսանիք էր, իսկ մեզ համար մահ: Աշակերտներից մի քանիսը, որոնք մեծ էին հասակով և տիրացություն անել գիտեին, վեր էին առնում տեր հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը, և քահանայական այլ սպասները: Նրանք գնում էին խորհրդի տեղը: Այսպիսի դեպքերում, երբ կարող էինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն էր լինում մեր վիճակը: Վարժապետը մտածելով, որ իր բացակայության ժամանակ մենք անկարգություններ կանենք, հնարել էր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար: Նա մեզ նստացնում էր միմյանցից հեռու, մեր հագուստի լայն փեշերը տարածում էր գետնի վրա, նրանց վրա ածում էր մանր ավազ, հետո ավազը դրոշմում էր փայտյա կնիքով, որ հատկապես դրա համար պատրաստված էր: Երևակայեցե՛ք մեր դրությունը, ամբողջ ժամերով պետք է մեխած մնաս գետնի վրա, մի շարժում անգամ անել կարող չես, որովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժապետը այդ տեսնելով, հոգիդ կառնե…
Այսպիսի պատիժներին խիստ հաճախ ենթարկվում էի ես: Բարերար աստվա՜ծ, ի՞նչ պետք է անեի, խո մեռել չէ՞ի, որ անշարժ մնայի: Պատահում էր, կամ լուն էր կծում, կամ ճանճն էր նեղացնում, կամ վերջապես մի ուրիշ հարկավորություն ունեի… Վարժապետը դառնում էր տուն մի փոքր տաքացած գլխով. նա գտնում էր կնիքը լուծված, այն ժամանակ պատրաստ էր ինձ համար կամ անիծված ֆալախկան, կամ մերկ ծնկներով չոքել աղյուսի մանրած կտորների և կամ սիմինդրի հատիկների վրա: Դարձյալ պետք է անշարժ մնայի…
Լինում էին օրեր, որ պատիժը ընդհանուր էր դառնում. աշակերտները բոլորը միասին պատժվում էին: Տարվա մեջ մի քանի անգամ մենք ունենում էինք արձակուրդներ: Մեծ արձակուրդները լինում էին զատկի և ծննդյան տոների ժամանակ, յուրաքանչյուր տոնին մի-մի շաբաթ: Երբ տոներից հետո աշակերտները կրկին հավաքվում էին դպրոցը, մեր վարժապետը առանց խտրության աշակերտների ոտները դնում էր ֆալախկայի մեջ և բոլորին հավասարապես ծեծում էր: Ինչո՞ւ համար: – Այդ նրա համար էր, գուցե աշակերտները արձակուրդի ժամանակ իրանց տներում կամ դրսում որևիցե անկարգություն արած լինեին, իհարկե, այդ կարծեցյալ անկարգությունը ստուգել անհնարին էր, ուրեմն պետք էր, թե մեղավորին և թե անմեղին հավասարապես պատժել… Այս բարբարոսության մեջ մի ուրիշ միտք ևս կար: Ինչպես լավ ձիավորները ձիու վրա նստածին պես տալիս են նրան մի քանի մտրակի զարկ, որ թմրած անասունը զգաստանա, գրգռվի, – այնպես էլ մեր վարժապետը հանգստի օրերից հետո լարում էր մեր մտավոր ուժերը ճիպոտներով, որ սթափվինք, որ վայրենացած կյանքից կրկին ընտելանանք դպրոցական տաժանակիր կյանքին…
Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր: Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից: Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը СКАЧАТЬ